Հակամարտությունը չի ավարտվել, Բաքուն պետք է պատասխան տա իր հանցավոր արարքների համար
Արցախի հարցը փակված չէ, և դա Հայաստանում բոլորն են գիտակցում։ Արցախի ազատության համար պայքարը պետք է շարունակվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, արցախցիների նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն և բռնի տեղահանություն, և այս շրջանը դարձավ Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակներից մեկը, քանի որ Ադրբեջանն այս բոլոր գործողություններն իրականացրել է Հայաստանի չմիջամտելու պայմաններում։
«Այսօր Արցախի համար կրկնակի վնասակարը Արցախի ապագայի վրա ազդող ռազմավարության կամ ծրագրի բացակայությունն է և իշխանությունների հրաժարումը նման ծրագիր մշակելուց՝ դրանով իսկ դե ֆակտո հրաժարվելով Արցախի ապագայից»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում բոլորը հասկանում են, որ Արցախի հարցը փակված չէ: «Միայն հայրենիք չունեցող դավաճանը կարող է անիմաստ համարել իր վրա ծախսած ժամանակն ու ռեսուրսները՝ մոռացության մատնելով այն փաստը, որ ավելի քան քառորդ դար Արցախը եղել է Հայաստանի ազատության, անկախության և անվտանգության երաշխավորը»,- ասաց Օհանյանը։
Ընդդիմադիրը վստահ է, որ Արցախի համար պայքարը պետք է շարունակվի, քանի որ հակամարտությունը չի ավարտվել, այն էլ ավելի է խորացել Ադրբեջանի հանցավոր քաղաքականության պատճառով։ «Ադրբեջանը պետք է պատասխան տա իր գործողությունների համար»,- ընդգծեց Օհանյանը։
Նա ընդգծեց, որ Արցախը միշտ եղել է գործոն, և նրա սուբյեկտությունը պահպանելու համար նրա բոլոր կառույցները պետք է շարունակեն գործել՝ ի շահ ճակատագրի որոշման և Արցախի ժողովրդին իրենց տները վերադարձնելու։