Միրզոյանը ներկայացրել է Բաքվի հետ բանակցություններում վերջին զարգացումները
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային առանցքային հարցերին: Երկուստեք գոհունակությամբ են նշվել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, խորացող քաղաքական երկխոսությունը:
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող թեմաների շուրջ:
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Անդրադարձ է կատարվել նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը: