26.11.2024
Վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիք նոր շենքում բնակարան է ստացել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հնարավորություն ունի ցույց տալու, որ հավատարիմ է իր ստորագրված փաստաթղթերին. Սիմոնյան

Ռուսաստանը հնարավորություն ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, հավատարիմ է մնում իր սկզբունքներին և ստորագրված փաստաթղթերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ռուսական զենքի մատակարարման խնդիրը գործընկերային ճանապարհով լուծելու հնարավորության մասին։


«Կարծում եմ, որ դա հնարավոր է: Ռուսական կողմը հնարավորություն ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, հավատարիմ է իր սկզբունքներին և ստորագրված փաստաթղթերին»,- ասաց նա։ Սակայն, շարունակեց Սիմոնյանը, դա ոչ մի կերպ չի ազդի մատակարարումների դիվերսիֆիկացում ապահովելու Հայաստանի Հանրապետության որոշման վրա։

«Եթե պարտավորությունները չեն կատարվել և դա փաստ է, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է հստակ պաշտպանի իր շահերը, այլ կարծիք լինել չի կարող»,- ասաց բանախոսը։


Լրագրողների խնդրանքով Սիմոնյանը կրկին պարզաբանեց ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին իր չմասնակցելու պատճառները.


«Ես իմաստ չեմ տեսնում մասնակցել, քանի որ կան չլուծված խնդիրներ... այս մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում»,- ասաց նա։


Միաժամանակ, Սիմոնյանը ցավով նշեց, որ Ռուսաստանի ղեկավարության քննադատությունն ուղղված է միայն Հայաստանին, իսկ Բաքվի գործողությունները՝ սկսած ռուս զինվորականների սպանությունից, վերջացրած պայմանավորվածությունների խախտմամբ, արձագանք չեն ստանում։


«Վերջին շրջանում Բաքուն տարածաշրջանում անում էր այն, ինչ ուզում էր, իսկ Ռուսաստանը կա՛մ չկարողացավ, կա՛մ չէր ուզում դա կանխել»,- ասաց նա։