Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները. հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը համառոտ ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, նշելով, որ առաջադրված երկու թեկնածուները չեն ներկայացել խորհրդարան, ընդգծել է, որ հարգալից վերաբերմունք չէ ինստիտուտի նկատմամբ: «Արդեն որերորդ անգամ է՝ դատավորների ընտրության ժամանակ թեկնածուները չեն ներկայանում Ազգային ժողով: Ըստ էության՝ մենք այսօր ընտրություն պետք է անենք, սակայն ընտրություն չունենք: Կարծում եմ՝ ԲԴԽ-ն եւ առհասարակ, դատական իշխանությունը պետք է հետեւություններ անեն»,- նշել է Սարգիս Խանդանյանը: Կարեն Անդրեասյանը, հայցելով խորհրդարանի ներողամտությունը, որպես արդարացում նշել է, որ ԲԴԽ-ն վերջին շրջանում շատ փոքր մրցակցություն է ունենում Վճռաբեկ դատարանի պաշտոնների համար: «Միեւնույն ժամանակ, սա նման է նաեւ քաղաքական ընտրություններին, երբ քո անունն արդեն քվեաթերթիկում է, եւ դու չես կարող փոխարինում իրականացնել: Այն փուլում, երբ հրաժարվում են թեկնածուները եւ չեն ներկայանում, ԲԴԽ-ն եւ դատական իշխանությունն անզոր են որեւէ փոփոխության՝ ըստ ներկա օրենսդրության»,- պարզաբանել է ԲԴԽ նախագահը:
Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը վերջերս է վիրահատվել, վատացել է ինքնազգացողությունը, ինչի պատճառով քննարկմանը չի ներկայացել: Իսկ թեկնածու Մանվել Շահվերդյանը որոշում է կայացրել շարունակել ներկա աշխատանքը: Այդ մասին թեկնածուն հիմնավորումներով դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Սերգեյ Մարաբյանը, ներկայացնելով բուն մասնագիտական գործունեությունը, նշել է, որ բազմաթիվ որոշումներ կան, որ այսօր Վճռաբեկ դատարանում նախադեպային նշանակություն ունեն եւ որոնց նախագծման փուլում թեկնածուն ակտիվ մասնակցություն է ունեցել կամ եղել է որոշման նախագծի հեղինակ: «Կարծում եմ՝ կարող եմ իմ գործունեությամբ նպաստել Վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետությանը: Հստակ պատկերացնում եմ Վճռաբեկ դատարանի գործունեությունը՝ որպես իրավունքի դատարան, որը ոչ միայն օրենքների միատեսակ կիրառության համար է պատասխանատու, այլ նաեւ կոչված է զարգացնելու իրավունքը Հայաստանում»,- նշել է թեկնածուն՝ անդրադառնալով իր գործունեության ընթացքում կայացված՝ գենդերային հավասարությանը, ընտանեկան բռնությանը վերաբերող սկզբունքային, հեղափոխական որոշումներին:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ թեկնածուն խոսել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության, դատավորների կարգապահության խնդրի մասին:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ելույթում խոսելով խորհրդարանում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի առնչությամբ պարբերաբար ծագող ճգնաժամի մասին, արձանագրել է, որ առկա սահմանադրական լուծումը լավագույնը չէ: Նա ընդգծել է, որ խորհրդարանն ընտրության, թեկնածուներին լսելու, բոլորի դիրքորոշումը ստանալու եւ համադրելու հնարավորություն պետք է ունենա: «Մենք ընտրում ենք դատական իշխանություն տեւական ժամանակահատվածի համար: Չմասնակցել դատական իշխանության ձեւավորմանը եւ այնուհետեւ քննադատել առնվազն ազնիվ չէ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ցավով արձանագրելով, որ թեկնածուներից երկուսը չեն ներկայացել խորհրդարան, շեշտել է, որը ընտրություն նշանակում է ունենալ այլընտրանքի հնարավորություն: Փարատելով առաջացած կասկածները «ֆավորիտ թեկնածուներ» ունենալու վերաբերյալ՝ Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ չկան ֆավորիտ թեկնածուներ: Նրա խոսքով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջնորդվում ֆավորիտների տրամաբանությամբ եւ մինչեւ այս պահը խմբակցությունը չունի որոշում թեկնածուի ընտրության հարցում, հատկապես, երբ երեք թեկնածուներից երկուսին չեն լսել: «Մենք վստահ ենք, որ դատական համակարգում կան արժանավոր մարդիկ, ում լսելու կարիք ունի հանրությունը: Համակարգը հիանալի հնարավորություն է դատական իշխանությունը ժողովրդին մոտեցնելու համար: Դատական իշխանության հիմքը ժողովուրդն է»,- ասել է խմբակցության ղեկավարը: