23.11.2024
Փաշինյանի հրահանգով նրա թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը
prev Նախորդ նորություն

Ինչու է Սամվել Շահրամանյանը չեղարկել ԱԺ նիստը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո Արցախի պատգամավորներն այս շաբաթ մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, բայց մինչ օրս այդպես էլ չի կայացել պասված նիստը, որը նաև Արցախի պետական ինստիտուտներից կոնկրետ խորհրդարնի գոյության մասին կհռչակի փաստացի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել՝ ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին: Մեր տեղեկություններով՝ նիստից մեկ օր առաջ երեկոյան ուշ ժամի ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։ Շահրամանյանը նրանց խնդրել է միառժամամակ նիստը հետաձգել, ոչինչ չձեռնարկել, մինչև որոշ բաներ ինքն անձամբ պարզի։ Այս ամենից հետո «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավորները պարզապես չեն եկել նիստի, ու թեեւ մնացած պատգամավորները ներկայացել են նիստին, սակայն քվորում չի եղել։ Թե ինչու է Սամվել Շահրամանյանը այս քայլին գնացել, մենք չգիտենք, նրանից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ: Բայց երեկ Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ասելով, որ Սամվել Շահրամանյանը մինչ օրս պարբերաբար կապի մեջ է ադրբեջանցի պաշտոնյաների հետ. «Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա էդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, ի՞նչ է բանակցում», – հայտարարել էր նա: Թե այս հատարարությունը որքա՞նով է իրական, կամ հայտարարության բովանդակությունը որքա՞նով կապ ունի Սամվել Շահրամանյանի վարքագծի ու ԱՀ ԱԺ նիստը տապալելու որոշման հետ, դեռ պարզ չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը կփորձի սրա վերաբերյալ մանրամասներ իմանալ, այնուամենայնիվ, փաստ է, որ Արցախի նախագահը վիժեցրել է ԱՀ ԱԺ նիստ հրավիրելու գործընթացը։ Դա կարող էր ձեռնտու լինել միայն Ադրբեջանին: Թեեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է հայտարարել, թե Արցախի պետական ինստիտուտները Հայաստանի համար վտանգ են:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով ինքն էր ցանկություն հայտնել ներկայանալու: Նա շուրջ 3 ժամ խոսել է` ցուցմունք տալով Սամվել Շահրամանյանի դեմ, եւ փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների եւ Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաեւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն։ Սակայն պայմանավորվել են, որ նիստից մանրամասներ չհանրայնացնեն: Նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական վերաբերմունքը Շահրամանյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ վերջինս ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, բանակցում է՝ արցախցիների  վերադարձի հարցով: Եվ ասաց, որ իրեն այդ մասին պատգամավորներն են պատմել, որոնց անձամբ Շահրամանյանն է ասել, սակայն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ, ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան իբր եղել է։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ եւ ասել, որ Սամվել Բաբայանը ստում է, որովհետեւ եթե լիներ` հերքելու խնդիր չկար, շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տներ վերադարձնել»: «Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին, այդ մարդու վերջին 3 տարվա գործողությունները միտված են եղել հենց դրան»,- կարծում է Հակոբյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները գնալու են ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու: Իշխանական պատգամավորները որոշելու են՝ որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության ընթացքում տուժել, մահացել կամ վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Այդ թվում՝ սեպտեմբերի 25-ին ահավոր պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում: Այդ ողբերգության հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվն անհայտ է մինչև օրս. նշվում է, որ, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ է եղել: Հայտնի է նաև, որ զոհվածների ու վիրավորների մեծ մասը տղամարդիկ են: Այսինքն, ակնհայտ է, որ այդ պայթյունի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են կերակրողներին, եթե արտահայտվենք պաշտոնական, իրավաբանական եզրույթներով:


Ուստի հարց է ծագում. իսկ մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր: Բայց նման մոտեցումների մասին որևէ բան լսվե՞լ է, ասվե՞լ է: Կան տեղեկություններ մունիցիպալ մարմինների կողմից հնարավոր օժանդակության մասին: Բայց կառավարությունից ձայն անգամ չի լսվում: Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքել յանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ նման դեպքերի համար պետք է կառավարությունը որոշակի փոխհատուցում սահմաներ: Նա միանգամայն արդարացիորեն նկատել էր նաև, որ եթե նույնիսկ կառավարությունը համարում է, որ, օրինակ՝ բենզինի պահեստի պայթյունն ուղղակիորեն կապ չունի ռազմական գործողությունների հետ, ապա, միևնույնն է, դա հարցը չի հանում օրակարգից: Նախկինում համանման դեպքերի պարագայում միշտ աջակցություն ցուցաբերվել է: Օրինակ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհվածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ուստի, ինչպես կարծում է Առաքել յանը, և ինչին, կարծում ենք, համամիտ կլինի ցանկացած ողջամիտ մարդ, անհրաժեշտ է նման որոշում կայացնել նաև նշված դեպքի հետ կապված։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար Հայկուհի Հարությունյանից, եւ ոմանք երազում են, որ նա չվերընտրվի այդ պաշտոնում։ Մեզ պատմեցին, որ նա «փորձությունների» է ենթարկում իրենց, օրինակ, հանձնարարում է գեղարվեստական գրքեր կարդալ, ապա ներկայանալ եւ պատմել, թե ինչ է հասկացել, ինչ իմաստ ուներ այդ աշխատությունը։ Հայկուհի Հարությունյանին երեկ հարցրինք` իսկապե՞ս հանձնարարում եք աշխատողներին գրքեր կարդալ։ Ասաց` «ընթերցանությունը» լայն հասկացություն է՝ միջազգային փաստաթղթերից մինչեւ կոնկրետ աշխատանքին առնչվող․ «Ուստի կարդալու մեջ տարօրինակ որեւէ բան չեմ տեսնում»: Բայց խոսքը ոչ թե մասնագիտական աշխատություններ եւ փաստաթղթեր կարդալու մասին է, այլ, օրինակ, Կաֆկայի գործերն եք հանձնարարել կարդալ, հետո գալ-պատմել։ «Պատմելու մասին մի քիչ շատ եք չափազանցացնում, թող իրենք հիշատակեն՝ որ գործը, եւ դա արդեն իսկ վկայում է իրենց հասունության մասին։ Եթե նույնիսկ խնդիրը, որի շուրջ այդ քննարկումը կազմակերպվել է, չի ընկալվել»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրացել է, առաջիկայում ԱԺ-ն նրան հանձնաժողովի անդամ կընտրի, իսկ հանձնաժողովի անդամները` հետագայում նախագահ:


«Փաստ» օրաթերթը գրում է. Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների անհանդուրժողականությունը, քաղաքական հարաբերություններում իրավապահ գործիքակազմի կիրառումը: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել»: Մելոյանը նաև լրջագույն խնդիր է համարում այն, որ «կալանքը դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին: «Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։ Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս»,-ասում է Իշխանյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձեւավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպով: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդուն ժամանակին ձերբակալելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ իրավապահները ներքին կռիվ են տալիս, թե ով կամ ովքեր ժամանակին ընթացք չեն տվել դեպքին ու կասկածյալին չեն բերել հարցաքննության, փաստ է մեկ բան, որ պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ: ArmLur.am-ը գրել էր, որ ներքին պայմանավորվածություն կա՝ նրան առաջիկայում կբերեն հարցաքննության: Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։


Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային: Իրավապահները արդյոք մինչեւ վերջ կգնան եւ կբացահայտեն գործը եւ պատասխանատվության կկանչեն ՔՊ-ական պատգամավորի թոռանը՝ ցույց կտա ժամանակը: Փաստ է մեկ բան. մինչ այժմ Գագիկ Մելքոնյանի թոռանը չեն գտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչեւ 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ: Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն, բայց Նիկոլ Փաշինյանը համառ լռում է: Ու թեեւ Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։


Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Գոլդեն Փելիս»-ում մեծ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում, նույնիսկ գույքը հանվել էր վաճառքի բավականին մատչելի գնով։ Հիշեցնենք նաեւ, որ դեռ օգոստոսի 24-ին հենց այս հյուրանոցում անցկացվեց ԵԱՏՄ արտահերթ նիստը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները: Իսկ ինչ վերաբերում է պարտքերի տակ գտնվող Նարեկ Նալբանդյանին, ապա նա նոր ծնվող օլիգարխ է, որը թեեւ պետությանն ահռելի պարտքեր ունի, չգիտես՝ ինչպես, վերջին տարիներին կառուցել է 12 գործարան:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը արել է մի շարք ձևակերպումներ՝ կապված ՀԷՑ-ի հետ: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում նախկին մենաշնորհ կազմակերպության, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կա դիմադրություն, և որ այն փորձում է խոչընդոտներ ստեղծել համակարգի համար։ Նման որակումների հետ կապված մեկնաբանությունների համար «Փաստը» դիմեց ՀԷՑ-ին, որտեղից ի մասնավորի պատասխանեցին. «Նախ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում, քանի որ ընկերությունն իր հիմնական սակագնային մարժան ստանում է էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի համար, ուստի շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի։


Ավելին, էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դասվում է բնական մենաշնորհի դասին, ինչը նշանակում է, որ տնտեսության այդ ճյուղում մրցակցությունը տեխնիկապես կա՛մ անհնար է, կա՛մ տնտեսապես ոչ արդյունավետ։ Նշվածի վկայությունն է աշխարհի գրեթե բոլոր պետություններում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բնական մենաշնորհի կարգավիճակը և նրանց նկատմամբ պետական կարգավորման իրականացումը (այդ թվում՝ սակագնային քաղաքականությունը)։ Հավելենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպես էլեկտրաէներգետիկական բնագավառում էլեկտրաէներգիայի բաշխման բնական մենաշնորհի կարգավորվող սուբյեկտ, ցանկացած տնտեսական գործունեություն, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, միայն տնտեսապես օգտակար է, ուստի անհասկանալի կլինի սահմանափակել կամ խոչընդոտել որևէ գործունեությանը, որը կարող նպաստել թե՛ մեր ընկերության շահութաբերությանը, թե՛ նշվածի արդյունքում պետությանը վճարվելիք հարկերի ծավալների ավելացմանը։


ՀԷՑ-ը մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որը միշտ կողմ է տնտեսական մեխանիզմների արդյունավետացմանը: Ցանկացած որոշում, նոր պայմանի ստեղծում, որը բերում է զարգացման, չի կարող դիմադրության արժանանալ ընկերության կողմից, հակառակը՝ մենք միշտ առաջընթացի կողմնակից ենք: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար և լուծել իր առջև դրված խնդիրներն ու, որպես բաշխիչ ընկերություն, կատարել իր պարտականությունները»: Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Վահագն Խաչատուրյանը, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի հետ կապված խնդիրներն են՝ ՀԷՑ-ի՝ սահմանափակումներ ստեղծող կարգավորումների պատճառով:


Այս թեմայի հետ կապված՝ ՀԷՑ-ից նշեցին հետևյալը. «Համաձայն գործող կարգի, որևէ առանձնացված մոտեցում էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի՝ էլեկտրական ցանցին միանալու համար գոյություն չունի: Ինչպես ցանկացած այլ օբյեկտ, որի սպառման համակարգն անհրաժեշտ է միացնել ցանցին, էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները նույնպես համապատասխան փաստաթղթերով դիմում են ներկայացնում Ընկերության սպասարկման ցանկացած կենտրոն և սահմանված ժամկետում և սահմանված կարգով միանում էլեկտրական ցանցին: Եթե արդեն գործող բաժանորդի մոտ առկա սահմանված հզորությունը չի բավարարում իր սեփականություն հանդիսացող տարածքներում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի միացման համար, ապա նույն կարգով անհրաժեշտ է դիմել ընկերությանը՝ լրացուցիչ հզորություն ստանալու համար: Վերը նշված հարցերը կարգավորվում են ինչպես օրենքով, այնպես էլ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերով, հետևաբար ՀԷՑ-ի նախասիրությունների հետ որևէ առնչություն չունեն»: