Հայաստանի և Լիտվայի սերտ փոխգործակցությունը բարձր է գնահատվել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու բարեկամությամբ զարգացման մեծ ներուժ ունեն:
Բարձր եմ գնահատում նաև մեր երկրների օրենսդիր մարմինների ակտիվ ջանքերը միտված խորհրդարանական դիվանագիտության խթանմանը և այս համատեքստում, համոզված եմ՝ շատ հարցեր քննարկվում և լուծում են ստանում հենց միջխորհրդարանական հարաբերությունների արդյունքում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռայմունդաս Լոպատան շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր է, որոշակի դեպքերում գործում է շատ արագ և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Լիտվայի սերտ փոխգործակցությունն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ հարթակներում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը, ինչը կարևոր նախապայման է ռեգիոնի բոլոր երկրների հետագա զարգացման համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրներին լուծման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ: