27.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Կորեայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք Արևմուտքի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմակայուն դարձնելու համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա:


Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի ջանքերը՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցում Լիտվայի անմիջական մասնակցության համար:


Զրույցի առանցքում են եղել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված հայերին առնչվող խնդիրները, Լիտվայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված մարդասիրական աջակցությունը:


ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխիքը ժողովրդավարությունն է, եւ մենք ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունն այդ ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում:


Նա ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք: