Իշխանության քայլերի պատճառով Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Սեյրան Օհանյան
«Հայաքվե» նախաձեռնության առաջարկած Քրեական օրենսգրքում փոփոխությունների ընդունումն անհրաժեշտություն է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ բացելով խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները։
Նա հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքում նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները նախատեսում են հատուկ նորմեր, որոնց համաձայն՝ Արցախը Հայաստանի Հանրապետության անունից որպես այլ երկրի մաս ճանաչելը կամ միջազգային ճանաչմանն ուղղված գործողություններից հրաժարվելը համարվում է քրեական հանցագործություն։
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում այս նախաձեռնությունն անհրաժեշտություն է։ Այսօրվա լսումների նպատակը քաղաքացիական հասարակության մասնակցությունն է հայ ժողովրդի համար այս կարևոր հարցերի քննարկմանը»,- ասաց Օհանյանը։
Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ծանր ռազմաքաղաքական իրավիճակի պատճառը ոչ միայն Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունն է, այլ նաև Հայաստանի իշխանությունների չմտածված քայլերը, որոնց պատճառով «Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է», շեշտեց ընդդիմադիր պատգամավորը: Օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակեց նա, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում: Հաշվի առնելով այս իրադարձությունները, ընդդիմադիրի համոզմամբ, այս թեմայով լսումների անցկացումը առավել քան տեղին է և կարևոր։