Իրաքի նախագահը Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրի
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գյումրի։ Այս մասին հայտնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և պաշտոնատար այլ անձանց հետ երկու երկրների նախագահներն այցելել են Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և մարզիչների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել նրանց։
Իրաքի Հանրապետության նախագահին են ներկայացրել, որ Շիրակի մարզում Թումոն գործում է 2015 թվականից, 2021-ից տեղափոխվել է JHM հիմնադրամի օգնությամբ վերակառուցված նախկին ժողովրդական տան կամ առաջին թատրոնի շենք:
Այնուհետև Գյումրու «Սև բերդ» ամրոցում հյուրերը մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագիրը կրող քննարկմանը, որը միտված է եղել միավորելու երկու բարեկամ երկրների նորարարական ներուժը, խոսելու Հայաստանի և Իրաքի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։
Ներկաները Հայստանի և Իրաքի նախագահներին հարցեր են հղել երկկողմ հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։