24.11.2024
Ցիցերոնը և հայ-թուրքական սահմանի բացումը կամ՝ ունենք այն, ինչ ունենք
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանի դեմ վարույթ չի հարուցվել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, եւ ԱՀ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի գործունեության մասին, ուստի հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել։ Մինչդեռ Բաբայանի՝ ԱՀ ղեկավարության դեմ արած հայտարարություններին ընթացք է տրվել, գործ է հարուցվել, չնայած դատախազությունը ԶԼՄ-ներին չի հայտնում, թե ում դեմ է այն եւ ինչ հատկանիշներով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանին կանչել ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննել են ՀՀ քրեական օրենսգրքի 330 հոդվածի շրջանակներում (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը): Armlur.am-ը գրել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանից, որը հաստատեց տեղեկությունը։ Իսկ թե ինչ քրեական գործով են Բադասյանին կանչել հարցաքննության, պաշտպան Մարտիրոսյանը չցանկացավ մանրամասնել։ Մեզ հայտնի դարձավ, որ նա իր սոցիալական էջում հրապարակային խոսք է գրել, որը, ըստ իրավապահների, բռնության կոչ է, իսկ թե կոնկրետ որ գրառման համար են նրան տարել հարցաքննության, առայժմ չկարողացանք պարզել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները եւ նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, եւ այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ: Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի եւ ՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Անահիտ Ավանեսյանի կուսակցական ակտիվությունն իր արդյունքը տվել է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը, թերեւս, իր ուրույն տեղն է զբաղեցնում խորհրդարանական մյուս անօգուտ ու ձեւական բնույթ կրող հանձնաժողովների շարքում: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր 2022թ.-ի փետրվարի 10-ին՝ ՔՊ-ի նախաձեռնությամբ: Թերեւս հանձնաժողովը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն մինչ օրս, բացի Անդրանիկ Քոչարյանի բոցաշունչ ու աղմկահարույց հայտարարություններից, ելույթներից, նրա ղեկավարած հանձնաժողովը ոչ մի ուշագրավ բացահայտում չի արել: Ընդ որում՝ ուշագրավ է, որ պատերազմի հանգամանքների քննություն իրականացնում են այն իշխանությունները եւ նրա արբանյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք չեն կարող որեւէ դեպքում Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի մեղադրել: Ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Այս հանձնաժողովի գործունեությունն արդեն երկու անգամ երկարացվել է՝ 2022թ.-ի հոկտեմբերին 5-ին եւ 2023թ. մայիսի 3-ին. հանձնաժողովի գործունեությունն արդեն երկրորդ անգամ է 6 ամսով երկարաձգվել, այսինքն՝ այն այլեւս չի կարող երկարաձգվել:


«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովն ապօրինի է գործում, քանի որ դրա լիազորությունները օգոստոսի 11-ից ավարտվում են. չնայած սրան՝ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է մինչեւ դեկտեմբեր երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, գրություն-պարզաբանում է ներկայացրել պատգամավորին, թե 2022թ.-ի եւ 2023թ.-ի ամռանը պատգամավորներն արձակուրդում են եղել, ուստի հանձնաժողովի գործունեությունը պետք է երկարացվի մինչեւ դեկտեմբեր, փաստացի՝ արդեն երրորդ անգամ, ինչն օրենքի խախտում է, եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրա իրավունքը չունի: Այն, որ այս պահին գործում է այդ հանձնաժողովը, արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացթողումն է, քանի որ նա օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունը ապահովել, սակայն չի կարողանում: Ի դեպ, այս իշխանությունների օրոք՝ 2019թ.-ին, եւս մեկ հանձնաժողով էր ստեղծվել՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, որը եւս այդպես էլ ընդամենը ձեւական բնույթ էր կրում եւ իրականում որեւէ բացահայտում չարեց:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական կառույցներից պատվեր ստանալու համար շատ ընկերություններ են պայքարում, սակայն քչերին է հաջողվում։ Երեկ պարզեցինք, որ 2023 թվականի ընթացքում պետական մարմինները ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 52 պայմանագիր են կնքել՝ ապահովագրական փաթեթներ ձեռք բերելով։ Ամենաթանկ գնումը կատարել է առողջապահության նախարարությունը՝ այս տարվա փետրվարին, Սուքիասյանների ընկերությանը փոխանցելով 537 մլն  դրամ։ Պետական մարմիններից «ՍԻԼ Ինշուրանսին» 2023 թվականին փոխանցվել է ավելի քան 680 մլն դրամ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։ Ինչպես ներկայիս իշխանությունների մեծ մասը, այդպես էլ Խանդամյանը նախկին լրագրող է։ Նա 2022 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել, ավելի ճիշտ՝ նրա անունով է գրանցվել 1991 եւ 1995 թվականներին Գեղարքունիքի Գավառ համայնքում (համատեղ սեփականությամբ)։ Տրանսպորտային միջոց Խանդանյանը չի հայտարարագրել։ Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 881 հազար դրամ, որից 7 մլն 962 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 215 հազար դրամ, որը, ըստ նշված հայտարարագրի համապատասխան կետի, հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով էլ Խանդանյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 918 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Սարգիս Խանդանյանը այն պատգամավորն է, որը ոչնչով աչքի չի ընկել խորհրդարանում։ ՔՊ-ականների համար շոկային էր նաեւ այն, որ այս անփորձ պատգամավորին առաջադրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինչն էլ թեժ քննարկման առիթ էր դարձել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում եք` Երեւանով մեկ ճոպանուղի կառուցելու առաջարկն անում էր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը: Տրանսպորտի հետ կապված էլ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, խոստանում է փոխել բոլոր կանգառների սպասասրահները՝ դրանք փոխարինելով «խելացի» սպասասրահներով, իսկ թե դրա մեջ ինչ է մտնում, հստակեցված չէ։ Ավինյանը նաեւ խոստանում է մինչեւ 2028 թվականն ամբողջովին կառուցել Կասկադի չկառուցապատված վերնամասը՝ 8 հեկտար տարածք։ Մինչեւ 2028 թվականը քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել նաեւ կենցաղային թափոնների նոր աղբավայր։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը հերթական խոստումներն է տալիս եւ ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման ծրագիրը՝ 2024 թվականի համար։ Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի եւ միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթաց, հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում, մետրոպոլիտենի վագոնների արդիականացում, նոր ավտոբուսների կամ էլեկտրաբուսների ձեռք բերում (18 մետր 249 հատ եւ 8.5 մետր երկարությամբ 171 հատ), նոր տրոլեյբուսների (71 հատ) ձեռք բերում։ Կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի թվով 600 վերելակների փոխարինում, բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգում, բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգում։  Արտաքին լուսավորության ոլորտում նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընթացիկ շահագործման, պահպանման եւ արդիականացման աշխատանքներ, «Երեւանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացում: Բնապահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել Կենդանաբանական այգու ընդլայնում։ Իհարկե, այս ոլորտներում խոստումներ շատ ենք լսել, մնում է՝ դրանք իրականություն դառնան։