Բաքուն կփորձի ֆորմատ պարտադրել Երևանին, նաև՝ ռազմական ճանապարհով
Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել է հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել փոխադարձաբար ընդունելի վայրում կամ համաձայնության գալ հանդիպելու սահմանային գոտում։ Թվում է՝ ռացիոնալ առաջարկություն է, մանավանդ, որ միջնորդական բոլոր հարթակները ճգնաժամի մեջ են: Սակայն սա թվացյալ տպավորություն է: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
"Իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ես տեսնում եմ տարածաշրջանային համատեքստում (այստեղ ձևաչափերը տարբեր կարող են լինել), բայց հայ-ադրբեջանական դիալոգն ուղիղ լինել չի կարող:
Հայաստանը, որպես պարտված կողմ, անվտանգության երաշխիքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի (երաշխավորների) անհրաժեշտություն ունի: Աշխարհը գնում է ռեգիոնալցման ճանապարհով ու մեծ հավանականությամբ՝ հենց տարածաշրջանային գերտերություններն են երաշխավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն՝ անուղղակի դառնալով նաև մեր պետականության լինելիության երաշխավորները:
Այս համատեքստում իսկապես պետք չէ «փրկիչներ» փնտրել Արևմուտքում, բայց գործընթացն իրական միջնորդների անհրաժեշտություն ունի:
Դրանք, ըստ ամենայնի, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են. այն երկրները, որոնք տարածաշրջանում, հողի վրա, իրական ազդեցություն ունեն՝ իրենց պոտենցիալով, զինված ուժերով:
Ադրբեջանի այս առաջարկությունը համարժեք է Հայաստանին հասցեագրված կապիտուլյացիայի վերջնագրի:
Չեմ բացառում, որ առաջիկա շաբաթներին, ռազմական ճնշման միջոցով, Բաքուն փորձի ֆորմատ պարտադրել Երևանին",- գրել է Սուրենյանցը: