«Հրապարակ». Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն
«Հրապարակ» թերթը գրում է.
"Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում): Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Հետագայում, ըստ ամենայնի, Փաշինյանի մտադրությունները փոխվել են, եւ ԶՊՄԿ սեփականատերերի ու փայաբաժինների վերաձեւման փուլում Զուրաբովը սկսել է խանգարել։ Հետո նա ստիպված է եղել պայքար սկսել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար (ըստ օրենքի` նախ փայատերերին պետք է առաջարկ անեն` վաճառվող փայաբաժինը գնելու մասին, ապա նոր դրսից գնորդ ներգրավեն, ինչը չի արվել): Զուրաբովը սկզբում միջազգային արբիտրաժ է դիմել, ապա իր փայաբաժինն այլ միջազգային կազմակերպության է վաճառել, որն էլ փորձելու է ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ Զուրաբովը: Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի: Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից":