Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, իշխանությունների գործողությունները՝ միտված «մաքրելու» քաղաքական դաշտը, ավելի ուժեղ է դարձնելու համախմբումն իշխանության դեմ և ավելի իրական՝ քաղաքական ցնցումների հեռանկարը:
ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել
ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»: Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայմում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների մասին:
Ծառուկյանի
պատասխանն իրեն երկար սպասել չտվեց: Պատասխան ելույթում Գագիկ Ծառուկայնը հայտարարեց, որ ընդունում է մարտահրավերը և կոչ արեց համազգային մոբիլիզացիայի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի առաջնորդ գագիկ Ծառուկյանի մասին հայտնի քննադատական ելույթին՝ Քչարյանը հայտարարել է, որ չի կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: «Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից», - նշում է Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայք 2rd.am-ը:
Քոչարյանի կարծիքով, իշխանությունների գործողությունների արդյունթում ավելի իրական է դառնում երկրում քաղաքական ցնցումների հեռանկարը: «Հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրելու» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա», - նշում է նա:
Երկրորդ նախագահի համոզմամբ՝ իրավիճակի կտրուկ սրացումից հետ կանգնելու հնարավորություն քաղաքական ուժերը դեռ ունեն: «Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ», - հայտարարում է նա:
«Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ», - ամփոփեց Ռոբերտ Քոչարյանը: