Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր կժամանի ՀՀ. նա կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն
ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ։
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են, որ նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր է:
Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը», - ասված է հաղորդագրության մեջ: