25.11.2024
Ինչու Բրյուսելում հանդիպումը չի կայանա. երկու տեսանելի պատճառ
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանին մրցակիցներ են հայտնվել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտների լուծարման եւ ավերակաց վրա թագավորելու ձգտող Սամվել Բաբայանին մրցակիցներ են հայտնվել։ Տեղեկություն կա, որ իշխանությունները հիասթափվել են Բաբայանի՝ Արցախի ներկայացուցչության դիմաց կազմակերպված ակցիայից եւ որոշել են այլ դերակատարների ակտիվացնել։ Հնարավոր է՝ գործընթացն իր ձեռքը վերցնի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ով արցախցիների առաջնորդի կարգավիճակում պատկերացնում է Արցախի նախկին արտգործնախարար, սորոսական շրջանակների համար ընդունելի Մասիս Մայիլյանին։ Ըստ իշխանական ծրագրի՝ Արցախի պետական կառույցները կփոխարինվեն հասարակական կազմակերպություններով կամ կառույցներով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձաժողովի անդամներին առաջարկել է Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով կանչել Սամվել Բաբայանին։ Նաեւ տեղեկություններ են պտտվում, որ ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է կանչվեին Արայիկ Հարությունյանը եւ Ջալալ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը չկանչվեց, քանի որ Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների պատճառով ադրբեջանական գերության մեջ է։ Ջալալ Հարությունյանն առողջական խնդիրների պատճառով ամեն անգամ չի կարող գնալ ԱԺ, այդ պատճառով էլ նրա մասնակցությամբ եւս հանձնաժողովը նիստ չգումարեց։ Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Բաբայանին կանչում են Քննիչ հանձնաժողով, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանը եւ Աննա Հակոբյանը հանդիպել են Փաշինյանի տիկնոջ հրամանատարական կետում, եւ այնտեղ նրանց միչեւ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։ Հավելենք նաեւ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը վերջերս պասիվ գործունեություն է ծավալում։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Շահրամանյանը տեւական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը եւ առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։ Արդեն որոշվել է ֆորմատը, դա կլինի հարցազրույց, բայց ոչ Հանրային հեռուստաընկերությամբ։ Նրան հորդորեցին` չգնալ Հ1, Հ1-ն էլ նրան չհրավիրեց եթեր: Շահրամանյանը կանդրադառնա իր` նախագահի պաշտոնում ընտրությանը, թե ինչու, ինչ հանգամանքներում համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը, կխոսի նաեւ պատերազմական գործողությունների, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, ինչպես նաեւ՝ այլ հարցերի մասին: Կանդրադառնա արցախցիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին կպատասխանի: Կներկայացնի, թե ինչ խնդիրներ են «գույքագրել» իրենք` Արցախից տեղափոխվելուց հետո այս մի քանի շաբաթվա ընթացքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ձեւավորվեց 3 ուժերի հավասար համամասնությամբ` ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան», քոչարյանականներ, սակայն ակնհայտ էր, որ շոգեքարշը Քոչարյանն էր` ոչ մի ուժ միայնակ չէր հաղթահարի անցողիկ շեմը: Բայց 2 տարվա ընթացքում դաշինքն այնպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց, եւ Քոչարյանն էլ այնքան պասիվացավ, որ այսօր քչերն են հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն: Այժմ խմբակցությունում գերակշռում են ՀՅԴ-ականները: Եվ ամենամեծ խմբակցությունն ունեցող տիտղոսային ընդդիմությունն անգամ նորմալ գրասենյակ չունի Երեւանում, որտեղ կարող են հավաքվել, քննարկել անելիքները: ԱԺ-ից դուրս նրանք հավաքվում են ՀՅԴ ԳՄ շենքում, եւ խմբակցությունն էլ ոչ այնքան Սեյրան Օհանյանն է ղեկավարում, որքան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը»;


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարական կաբինետում արդեն տեւական ժամանակ է՝ սպասողական ու լարված վիճակ է: Օրաթերթը դեռ վաղուց էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անգործություն ցուցաբերած նախարարներին պաշտոնանկ անել: Գրել էինք նաեւ, որ «սեւ ամպեր» են կուտակվել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխին: Բանն այն է, որ Փաշինյանը համարում է՝ այս նախարարները ողջ ընթացքում անգործություն են ցուցաբերել ու տապալել են իրենց ոլորտը: Հակոբ Սիմիդյանը, բացի շրջագայություններից, իր ոլորտում ոչինչ չի արել, Նարեկ Մկրտչյանը նույնպես տապալել է իր ոլորտը, թեեւ գեղեցիկ խոսում, նկարագրում է, հիմա էլ, մասնավորապես, բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծումներն են ձախողված համարվում, իսկ Սանոսյանը ոչ միայն անգործություն է ցուցաբերել, այլեւ նախարարությունը դարձրել է իր գյուղի ակումբը: Բանն այն է, որ Փաշինյանին այս ընթացքում դժգոհություններ են հասցրել, որ Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում իր ծանոթներին, համագյուղացիներին է տեղավորել, որոնք, առհասարակ, կապ չունեն ոլորտի հետ: Կարճ ասած, զերո պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում է հայտնվել նաեւ Անահիտ Ավանեսյանը, որը, սակայն, արդեն համակերպվել է, որ շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, ու ջանք էլ չի գործադրում ոլորտում աչքի ընկնելու, որևեւէ բան փոխելու համար: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել այս նախարարներին, բայց խնդիրն այն է, որ իր թիմում նրանց փոխարինողներ դեռ չի գտնում: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ականների մեծ մասն ընդամենը օգնականի կամ խորհրդականի պաշտոններ զբաղեցրած, աշխատանքային ոչ հարուստ փորձով, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են: Տեխնոկրատ, բանիմաց մասնագետներն իրենց տեղը չեն գտնում պետական համակարգում. այն դեգրադացված է։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, ինչպես արդեն գրել էինք, հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։ Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը՝ ուշագրավ տեղեկություններ ենք նկատում։ Այսպիսով, Նուարդ Վարդանյանը Երեւանի քաղաքապետարանից ստանում է 65 հազար դրամ գումար՝ որպես աշխատանքի վարձատրություն, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։ Ականջ ծամելու պատրաստակամությամբ հայտնի ավագանու ներկայացուցիչը հայտարարագրել է կրիպտոարժույթ, սակայն հստակ չափը չի մատնանշել, միայն հայտնի է, որ 65000 դրամ համայնքային բյուջեից վճարվող ավագանու անդամը տարեվերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն դրամ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։


2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաեւ, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։ Թերեւս դժվար չէ ենթադրել, թե ովքեր կարող էին Երեւանի ավագանու քաղշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին նորակառույց շենքերում բնակարաններ տալ: Ինչո՞ւ ենք այսպես կարծում. քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է շարքային երեւանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել եւ 3 անշարժ գույք նվեր ստանալ: Հավելենք նաեւ, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչեւ 2021 թվականը որեւէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երեւում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում: Հաջորդիվ կհրապարակենք, թե ինչ մեխանիզմով է Նուարդ Վարդանյանը նպաստել տարբեր շինթույլտվությունների հաստատմանը: Հին ու մոռացված բարքերն առավել լկտի դրսեւորումներ են ունենում հեղափոխական մեր օրերում: Հիշեցնենք, որ Նուարդ Վարդանյանը ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է, ՀՀ նախկին պետնախարար վաղամեռիկ Ժոկոյի՝ Գեւորգ Վարդանյանի դուստրը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը եւ մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում: Նկատենք, որ Քոչարյանի միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրված որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ, 2015 թվականի արտադրության, VOLVO մակնիշի։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաեւ «չհայտարարագրված» եւս մեկ որդի ունի՝ Լեւոն Քոչարյանը, որին շատ արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից։ Ըստ մամուլի՝ այն ժամանակ սպասել են, երբ ԲՈԿ-ը հաստատի նրա թեզը (իսկ ԲՈԿ-ը կհաստատեր), եւ Անդրանիկ Քոչարյանի տղան կազատվեր զինծառայությունից, ինչը եղավ։ Բանակի հզորացումից օրուգիշեր խոսող Անդրանիկ Քոչարյանն իր որդուն փրկել է զինծառայությունից: Քոչարյանի երիտասարդ որդին՝ Վազգեն Քոչարյանը, որը փաստացի իր հետ է բնակվում, եւ կինը՝ Լուսինե Քոչարյանը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինս այնքան շռայլ է սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամուտի 60%-ով որդու՝ Վազգենի համար մեքենա է գնել։


Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով: Քոչարյանի որդին, որեւէ եկամուտ չունենալով, նաեւ վարում է, ինչը ծախսեր է ենթադրում։ Քոչարյանը նաեւ ունի երկու բնակարան եւ մեկ ավտոտնակ, որոնք եւս ֆինանսներ ծախսելու որոշակի պահանջ ունեն՝ կոմունալներ եւ բնակարանի գույքահարկ։ Այսքան ծախսերը դրված է միայն աշխատավարձով ապրող Քոչարյանի ուսերին: Մամուլը նաեւ հրապարակել է կադրեր, թե ինչպես է ժամանակն անցկացնում Քոչարյանը թանկարժեք սրճարաններում եւ ռեստորաններում։ Առնվազն կասկածելի է, թե ինչ գումարներով է ապրել 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի ընտանիքը, ով է հովանավորել, ֆինանսավորել, որ ընտանեկան տարրական կարիքները բավարարեն: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում: Հուսանք՝ Կոռուպցիայի կանխարգելման՝ անգործության մատնված հանձնաժողովը մեկ անգամ որեւէ ՔՊ-ական պատգամավորի գործունեություն կուսումնասիրի եւ պարզաբանումներ կուզի, թե ինչպես է գոյատեւել Անդրանիկ Քոչարյանի ողջ ընտանիքը 4 մլն դրամով:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում կոչ է արել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ «ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»: Միևնույն ժամանակ, նա նշել է, թե իր կառավարությունն «ամեն ինչ անում է»: Ասել, թե կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի անում, մեղմ ասած, անազնիվ կլինի: Բայց, ինչպես փորձագետներն են նշում, հիմնականում գործ ունենք ընթացիկ, «տվյալ պահի» քայլերի հետ: Այսինքն, հեռանկարային ծրագրեր մշակված չեն, չկա որևէ հայեցակարգ, համակարգային խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում: Արդյունքում, գնալով խորանում է անորոշությունը արցախցիների շրջանում, և արդեն իսկ 10 հազարից ավելի արցախցի լքել է Հայաստանը:


Այս օրերին բավական շատ է քննարկվում այն հարցը, որ բռնի տեղահանված արցախցիները կենսաթոշակ, նպաստ կամ աշխատավարձ չեն կարող ստանալ, քանի որ, ըստ պաշտոնական պատճառաբանության, «Հայաստանի կառավարությունն արցախցիներին վճարելու իրավասություն չունի»: Դեռ մի կողմ թողնենք, որ խոսքը ՀՀ կապույտ անձնագիր ունեցող մեր հայրենակիցների մասին է: Զուտ իրավական տեսանկյունից՝ եթե նրանք պետք է վճարվեն Արցախի պետբյուջեից, ապա, այս դեպքում էլ, մեր տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը չի կատարել ամսական վճարումը, ինչը թույլ կտար ԱՀ վտարանդի կառավարությանը կատարել վճարումներ: Փոխարենը որոշվել է նոյեմբերդեկտեմբեր ամիսներին 50 հազարական դրամ տրամադրել, որը կարող է «փոխարինել» արցախցիների չստացած աշխատավարձերին, նպաստներին կամ թոշակներին:


Մեր աղբյուրի փոխանցմամբ, այսպիսով կառավարությունը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ իր «համաձայնությունն» է հայտնում ԱՀ լուծարմանը, երկրորդ՝ արցախցիներին տրվող այդ գումարները համարում է մեծ լավություն: Զուգահեռ, մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում ակտիվորեն քննարկվում է արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցը, որի պարագայում կլինեն համապատասխան վճարումներ: Ճիշտ է, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որոշվել է արցախցիներին տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, բայց այս դեպքում էլ «բանալի բառը» ժամանակավորն է: Այսինքն, վերջնարդյունքում դարձյալ համակարգային առումով խնդիրներին լուծում չի տրվում. իշխանությունները «փիառվում» են, արցախցիների խնդիրներն ու անորոշությունները՝ մնում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ի՞նչ է քննում ՀՀ քննչական կոմիտեն կամ ինչի՞ է սպասում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակելու գործով: Լուրեր կան, որ իրավապահները ձգձգում են գործը դատարան ուղարկելը, քանի որ ջանքեր են դրվում կողմերին հաշտեցնելու համար, որպեսզի այդպես կարողանան քրեական գործով անցնողների մեղադրանքները թեթեւացնել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս միջադեպը բավականին խորը արմատներ ունի. միայն թաղապետի օգնականի վրա կրակելու վարկածը չէ, որ քննում են իրավապահները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի օգնական Կորուն Մխիթարյանն իր շրջապատի մի քանի մարդկանց հետ կռիվ է արել: Մասնավորապես, թաղապետի օգնականը ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի մի բնակչի՝ Ս. Ս.-ին՝ կոտրելով նրա ոտքերը: Ու թեեւ իրավապահները քննում են վարկած, թե թաղապետի օգնականը հողակտորում շինարարության համար է կռվի մեջ ընկել, եւ կրակել են նրա վրա, այնուամենայնիվ, պարզվում է՝ դրանից առաջ էլ կա նախապատմություն:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոման Համբարձումյանի օգնականի վրա ուղղված՝ մայիսի 19-ի կրակոցների գործով իրավապահները իրական կրակողին հունիսի 10-ին չէին գտել եւ որոշել էին կալանավորել Կոտայքի բնակիչ Ս. Ս.-ին, որպեսզի իրական կրակողը գար, ներկայանար: Կասկածներ ունեն, որ ոտքերը կոտրած քաղաքացու մտերիմներն են հաշվեհարդար տեսել թաղապետի օգնականի նկատմամբ: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ տվյալներ կան՝ միջադեպի օրը Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանն է առաջինը մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա։ Իսկ թե ինչ զենքով է կրակել, մեզ դեռ չհաջողվեց պարզել:


Ստացվում է, չի բացառվում, որ թաղապետի օգնականը քրեական գործով հետագայում տուժողից դառնա մեղադրյալ։ Ինչեւէ, կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե գործը ինչ փուլում է։ Ի պատասխան՝ հայտնեցին՝ նախաքննություն է ընթանում․ նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին մի խումբ անձինք, դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։ Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ թաղապետի օգնականը հողակտորի զավթման հետ որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել, եւ իրենց համար կատարվածը առեղծված է։