Մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին. Սենատի նախագահ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձեւի համար:
ԱԺ փոխխոսնակը նաեւ երախտագիտություն է հայտնել բելգիացի բժիշկներին՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով այրված քաղաքացիներին ցուցաբերած օգնության, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիների բուժումը Բելգիայում կազմակերպելու համար:
Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մանրամասն ներկայացման համար: Նա նշել է, որ բոլոր մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին, եւ դրա մասին են վկայում Բելգիայի Սենատի կողմից ընդունված երեք հայտարարությունները, ինչպես նաեւ տարվող աշխատանքները չորրորդ հայտարարության վրա, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը: