28.11.2024
Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել. Գեղարքունիքի մարզպետ
prev Նախորդ նորություն

Անկլավների հետ կապված հարցը հանրաքվեի կդրվի՞

Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել էր անկլավների հնարավոր հանձնման մասին՝ ասելով, որ եթե Ադրբեջանը 8 գյուղի խնդիր ունի, ապա Հայաստանը եւս 8 գյուղի խնդիր ունի․

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետեւ նույն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտ գյուղում, Վազաշեն գյուղում, Պառավաքար գյուղում, այլ տարածքներում՝ նույնպես»։

Հրապարակ օրաթերթը Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին երեկ հարցրել է՝ եթե Ադրբեջանի հետ այս հարցի հետ կապված համաձայնություն ձեռք բերվի, եւ որոշվի, որ «անկլավները» պետք է հանձնեն, քննարկե՞լ են այդ հարցը հանրաքվեի դնելու տարբերակը, քանի որ Հայաստանի տարածքային փոփոխություններին վերաբերող հարցերը, ըստ Սահմանադրության եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի, պետք է լուծվեն ՀՀ ազգաբնակչության հանրաքվեների միջոցով։


«Այս մասով սահմանազատման հանձնաժողովը քննարկումներ դեռ չի ունեցել, ավելացնելու բան չունեմ»,- ասաց Մինասյանը։


Նախարարին հարցրել են՝ իսկ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը վերջին անգամ ե՞րբ է տեղի ունեցել, ի՞նչ օրակարգով՝ նկատի ունենալով, որ Գրիգոր Մինասյանը եւս այդ հանձնաժողովի անդամ է։


«Փոխվարչապետ պարոն Գրիգորյանի գրասենյակն այս մասին արդեն պատշաճ մամուլին տեղեկացրել է, վերջինը եղել է Տավուշի մարզում, նշված ժամանակահատվածում գրասենյակն արդեն տեղեկացրել է»։ Հարցրինք․ ինքը` որպես արդարադատության նախարար, արդյունավետ համարո՞ւմ է հանձնաժողովի աշխատանքները։ «Այն դժվար եւ շատ երկարատեւ պրոցես է, ու միջազգային փորձը որ ուսումնասիրում ենք, բավականին բարդ գործընթաց է ենթադրում, այս փուլում՝ այս իրավիճակը հաշվի առնելով, պրոցեսը նորմալ գնում է»,- պատասխանեց Մինասյանը։


Օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ Բաքվին ու Երեւանին կոչ է անում՝ ռազմագերիներին փոխանակել «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով, այսինքն՝ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Հայաստանում պահվող բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ Ադրբեջանը Հայաստանին է հանձնում բոլոր հայ գերիներին։ Գրիգոր Մինասյանին հարցրինք՝ մենք այս պահին ադրբեջանցի ռազմագերիներ ունե՞նք, որ փոխանակենք Բաքվի հետ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Մինասյանի կարծիքով՝ այս հարցը ճիշտ կլինի ուղղել արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանմանը, իսկ հարցին, թե այս պահին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի ադրբեջանցի է պահվում, Մինասյանը չպատասխանեց՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։