VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված եւ արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել: Բանն այն է՝ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին եւ թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը:
Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, եւ արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին: Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների եւ հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի: Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաեւ քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, եւ որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին: Նույնիսկ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի բանտերից հրապարակած կադրերը հետ չի կանգնեցնում իշխանական քարոզիչներին՝ իրականացնելու այդ առաքելությունը: Շատ մարդիկ ու ֆեյքեր ուղղորդված սրտիկներ են դնում այն կադրերի տակ, որոնք Բաքվի բանտերից հրապարակում են ադրբեջանցիները: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է իր թիմին՝ «հին երգը» երգեն, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Արցախի կործանման համար, եւ հենց նրանցից պետք է պատասխանատվություն պահանջել: Եթե նրանք չհարստանային, Արցախը չէր ընկնի: Այս նարատիվները տարածվում են սոցիալական բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձեւերով, որպեսզի արցախցիների մեջ առկա արմատական տրամադրությունները փոխվեն, եւ որեւէ մեկը փողոց դուրս չգա եւ Նիկոլ Փաշինյանին պահանջներ չներկայացնի:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին շարունակում է ամբիոններից հեգնել, ծաղրել իր ընդդիմախոսներին, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, նրանց խամաճիկային եւ լուսանցքային անվանելով, քանի որ ձախողեցին իշխանափոխության ծրագրերը, չկարողացան մարդ հավաքել հրապարակում, իսկ ինքն իրեն համարում է լեգիտիմ, ընտրված, ժողովրդից պողպատե մանդատ ստացած, սակայն ներքուստ հասկանում է, որ դրանք սոսկ բառեր են, որոնց տակ հիմք չկա: Եվ անհանգիստ է իշխանության կորստի վախից ու տագնապած։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է՝ առաջիկայում ակտիվորեն այցելել մարզային կառույցներ, հանդիպել շարքային ՔՊ-ականների հետ, լուծում տալ նրանց հուզող խնդիրներին, ցույց տալ, որ իշխանությանը վտանգ չի սպառնում` իրենք իրենց անառիկ դիրքում են, որ եթե հանկարծ երկրում բողոքի ալիք բարձրանա, չմտածեն, թե իշխանության նավը խորտակվում է, ու արագորեն լքեն այն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ փիառն ու ներշնչանքն ավելի կարեւոր են, քան մարդկանց իրական տեսածն ու զգացածը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այլ երկրներում, որպես կանոն, բարձրագույն կրթություն ստանում են մինչեւ խորհրդարանի պատգամավոր կամ պաշտոնյա դառնալը, իսկ Հայաստանում հակառակն է: Նիկոլ Փաշինյանի կամքով պատգամավորի մանդատ ստացածներից շատերը նորմալ կրթություն չունեն եւ հիմա պատգամավորի աշխատանքը համատեղում են բարձրագույն կրթական հաստատություններում ուսումնառության հետ: Զորօրինակ՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը ոչ միայն նույն խմբակցության պատգամավորներ են, այլեւ համակուրսեցիներ են։ Նրանք սովորում են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում եւ բավականին պարտաճանաչ դասերի են հաճախում: Թեեւ` ինչո՞վ պետք է զբաղվեին, եթե ԱԺ ողջ քառօրյայի օրակարգը սպառվում է մեկ օրում` առանց նորմալ քննարկումների ու բանավեճերի։ Նշված 3 ՔՊ-ականների կյանքը, սակայն, այնքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ նույն կուրսում է սովորում նաեւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը, ով ՔՊ-ականների կյանքը մղձավանջի վերածելու մեծ մասնագետ է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության եւ օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդակցության օրակարգում ԱՀ նախագահի կողմից մի քանի կարեւոր թեմաներ են արծարծվել։ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության եւ, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։ Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։ Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին: Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու եւ նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։ Մեզ պատմեցին, որ ԱՀ նախագահը նաեւ քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում եւ ինչ քայլերի հետեւանքով Արցախն ընկավ: Եվ ներկաներին հորդորել է՝ ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը` այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 5-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից եւ Նիդերլանդների Թագավորությունում նշանակվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ Նրա նստավայրը Հաագայում է։ Այդ շրջանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ից դուրս գալու իր ցանկության մասին, եւ արդեն 1 ամիս է, ինչ Հայաստանը ներկայացուցիչ չի նշանակում ՀԱՊԿ-ում, ինչը խորացնում է այդ կասկածները։ ԱԳՆ-ից մեր հարցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ նշանակվե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեցին․ «Այս պահի դրությամբ՝ ոչ, երբ նշանակումը լինի, այդ մասին կտեղեկացնենք»։ ԱԳՆ խոսնակին հարցրինք՝ թեկնածո՞ւ չկա, թե՞ այլ պատճառ կա։ «Այս ընթացքում դեսպանների փոփոխություն էլի է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ում ներկայացուցիչը հետ է կանչվել, ինչպես մի քանի այլ տեղերից էլ, իսկ նոր նշանակման մասին կտեղեկացնենք, երբ լինի։ Ավել մեկնաբանություն այս պահին չունեմ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ քրեական գործը առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին: Վարկած կա՝ մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետեւանքով պայթյուն է եղել։ Նշենք, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Հարյուրավոր զոհեր, որոնց վիճակագրությունն այլեւս չի վարվում… Տուժողներին հաշվող չկա Արցախում արդեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն էր եղել վառելիքի պահեստում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խառնաշփոթ է։ Երեւան քաղաքի մի շարք դատարաններում, ինչպես մարզերի բոլոր դատարաններում, քաոս է, քանի որ տեւական ժամանակ է, ինչ «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը: Միանգամայն «պատահականությամբ» համակարգը խափանվեց հենց այն օրը, երբ ավարտվեցին Երեւանի փողոցներում բողոքի ակցիաները, եւ մասնակից անձանց ապօրինի կալանավորումների դեմ բողոքարկման ժամկետները սկսվեցին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն երեք օր է՝ մակագրումները կատարվում են պարզ թղթային եղանակով, ու իրավապաշտպաններն ահազանգում են, որ աղմկահարույց գործերը կմակագրվեն քաղաքական իշխանության «սրտի դատավորներին»։ Տեղեկացանք, որ երբ դատական համակարգից խնդրի մասին ահազանգել են Կարեն Անդրեասյանի գլխավորած Բարձրագույն դատական խորհուրդ, ԲԴԽ-ից վստահեցրել են, թե սեպտեմբերի 29-ին կգործի, սակայն հոկտեմբերի 5-ին համակարգը դեռ չի գործել։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչ միայն նշված քրեական դատարանում ենք ունեցել խափանում, այլեւ մարզերում, օրինակ՝ Շիրակի մարզում: Օրեր շարունակ չէր գործում նաեւ ԲԴԽ պաշտոնական կայքը: Այդ խափանումները, նախնական վարկածով, կապված են հոսանքի տատանումների հետ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ինչպես համակարգը վերագործարկելու, այնպես էլ խափանման պատճառները հասկանալու համար: Այս պահին հաջողվել է վերագործարկել պաշտոնական կայքը»։