24.11.2024
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջադրվել
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի արտգործնախարարը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։ Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ինքնաթիռը, որում եղել է Ֆրանսիայի արտգործնախարարը։


Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Քեթրին Կոլոննային կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է, որ Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայցելի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։


«Քեթրին Կոլոննան կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա ծայրահեղ հետևողականությունն այս հարցում։ Քեթրին Կոլոննան կքննարկի Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու կոնկրետ քայլեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Քեթրին Կոլոննան կհաստատի նաև Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգման գործում։