VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի ավագանու անդամների ինքնաբացարկի վերջնաժամկետն էր։ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ «Հանրային ձայն» կուսակցությունից ոչ ոք ինքնաբացարկ չի ներկայացրել։ Մինչդեռ ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանը կալանավորված է, երկրորդը՝ Տիգրան Ուրիխանյանը, հետախուզման մեջ է եւ Հայաստանում չէ։ Իսկ դա նշանակում է, որ Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, քանի որ եթե անգամ մի հրաշքով Գալստյանը գա ավագանու նիստին, ապա Ուրիխանյանը Հայաստան մտնելուն պես կձերբակալվի։ Այսինքն՝ հնարավոր չի լինի ընտրել Հայկ Մարությանին, անգամ եթե 3 ոչ իշխանական ուժերը գան համաձայնության։ ՔՊ աղբյուրները վստահեցնում են, որ Դոգի ցուցակից մի քանի հոգու են «վերբովկա արել», եւ նրանց միջոցով կապահովվի նիստի քվորումը, ինչն առաջնային խնդիրն է։ Առաջին քվեարկությամբ Ավինյանը չի ստանա 33 ձայն, բայց նիստը կկայանա, երկրորդ քվեարկության ժամանակ նա կանցնի ձայների մեծամասնությամբ։ Իսկ եթե 2 անգամ քվորում չլինի, եւ քաղաքապետ չընտրվի, ապա պարտավոր են նոր ընտրություններ հայտարարել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը թեժ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում եւ բավականին երկար է տեւել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները քննարկել են Արցախում ստեղծված այս ծանր իրավիճակը, արցախահայերի տարհանման հետ կապված հարցերը, հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: Հիմնականում երկարաշունչ ելույթներ է ունեցել Փաշինյանը, իսկ ՔՊ-ականները լուռ լսել են նրան ու գլխով արել: Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես իրեն է բնորոշ, էլի նոր մեղավորներ է նշանակել. ըստ նրա՝ Արցախում ստեղծված աղետալի վիճակի մեղավորները ռուսներն են, Արցախի իշխանությունները եւ հայաստանյան ընդդիմությունը, մի խոսքով, բոլորը, բացի իրենից: ՔՊ-ականների օրակարգում եղել են արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցեր. ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնագաղթել էր արդեն 68 հազար 386 անձ՝ Արցախի Հանրապետության բնակչության կեսից ավելին։ Հույսը, որ Արցախն ամբողջովին չի դատարկվի, կարծես թե մարում է։ Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մի քանի օրից Արցախում հայ չի մնա։ Եվ ռուս խաղաղապահների խոստումները, թե կկրկնապատկեն իրենց ռեսուրսները եւ կապահովեն Արցախում մնացողների անվտանգությունը, կարծես թե հերթական փուչիկն էին, ինչպես նրանց նախորդ խոստումները։ Արցախից մեզ հայտնում են, որ եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, ապա Արցախի վերջնական հայաթափումը 6-7 օրվա հարց է։ Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։ Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց մի մասը 44-օրյա պատերազմի օրերին Ալիեւին եւ իր ընտանիքի անդամներին «լայվով» նախշած մարդիկ են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության պետական կառույցները 2024 թ․ հունվարի 1-ից կդադարեն գոյություն ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ երեկ ստորագրած հրամանագիրը կրակի դադարեցման եւ հայ բնակչությանն Արցախից տարհանելու գինն էր։ «ԼՂ բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։ Արցախից տեղեկացանք, որ մինչեւ հունվարի 1-ը բոլոր գերատեսչությունները փաստացի գոյություն կունենան, իհարկե, բնականոն աշխատանք չի ծավալվի՝ դրա անհնարինության պատճառով, քանի որ բնակչության կեսից ավելին արդեն բռնի տեղահանվել է Հայաստան։ Իսկ հրամանագրով հունվարի 1-ն է ամրագրվել, որ պետական գերատեսչությունների աշխատակիցները գոնե մի երեք ամիս աշխատավարձ ստանան։ Ի դեպ, երեկ ՀՀ իշխանական շրջանակները նողկալի հրապարակումներ էին անում, թե ինչու է հունվարի 1-ը նշվել հրամանագրում, իբրեւ թե Արցախի իշխանությունը սրանով որոշել է հարամել մարդկանց Նոր տարին, որ մարդիկ ասեն՝ այս մի տոնն էլ Նիկոլ Փաշինյանը սգի վերածեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետությունը, ռմբակոծությունը չդադարեց մինչեւ սեպտեմբերի 20-ը եւ դադարեց միայն այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի պայմաններն ու զենքերը վայր դրել։ Այդ դրամատիկ ու հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձությունների ֆոնին սեպտեմբերի 20-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը զբաղված է եղել մեկ այլ՝ արդեն «համամարդկային նշանակության» միջոցառմամբ՝ Նիկոլ Փաշինյանի անվան «վարչապետի գավաթ» խճողավազքի մրցաշարի կազմակերպման աշխատանքներով։ Մասնավորապես, այդ օրը ԿԳՄՍՆ-ն պայմանագիր է կնքել ընկերություններից մեկի հետ ու փոխանցել 39 մլն 656 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են։ Բանն այն է, որ արցախից տեղահանված քաղաքացիներից շատերը բնակություն են հաստատել ընդիմադիրներին պատկանող կամ նրանց հետ կապ ունեցող անձանց հյուրանոցներում կամ նրանց կողմից առաջարկված բնակության վայրերում։ Արդյունքում քաղաքական իշխանությունները մտավախություն ունեն, որ ընդդիմությունը, արցախցիներին տեղավորելով իրենց կողմից հատկացված վայրերում, հետագայում այս փաստը կշահարկի իշխանության դեմ։ Ասել է թե՝ իշխանության ներսում սպասում են բողոքի ալիքի երկրորդ փուլի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է աշխատանքից։ Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքից անսպասելի հեռացումը կապված է Պետրոսյանի ծավալած գործունեության հետ։ Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, ազատումը կապված է Ֆիրդուս թաղամասի տների վաճառքի հետ։ Հիշեցնենք եւ ասենք, որ մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, որ Ֆիրդուս թաղամասի այժմ նախկին բնակիչներից պահանջել են լքել տները՝ խոստանալով փոխհատուցումներ տրամադրել՝ իրենց բնակարանների կադաստրային արժեքին համապատասխան։ Հավելենք նաեւ, որ ավելի քան 5 հեկտար տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ: Պետրոսյանին, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատել են, քանի որ նա, գործ ունենալով Կադաստրային կոմիտեի հետ, բնակարանները գնահատել է կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գներով։ Պետրոսյանը, կապ ունենալով գնահատող ընկերությունների հետ, նրանց հետ համաձայնության գալով, կեղծել է գումարի չափը։ Այս տեղեկությունը պարզելուց հետո վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել ազատվել նրանից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 395,1 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5 %-ով, իսկ 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 8.7 %-ով։ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.4 %-ով, 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 9.4%-ով. ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 844.1 մլն ԱՄՆ դոլար։ Արտաքին պարտքի 91%-ը Կառավարության պարտքն է, 9%-ը՝ Կենտրոնական բանկինը։ Կառավարության արտաքին վարկերի ու փոխառությունների կազմում ամենամեծ կշիռը Համաշխարհային բանկինն է։ Հայաստանի հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% կշռով։