26.11.2024
ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ 44-օրյա պատերազմի սկսման տարելիցի կապակցությամբ։


«3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ:


Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։


Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ Ադրբեջանը շարունակեց իր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման գործելակերպը՝ խուսափելով միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունից:


Այս երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է անմարդկային դժվարությունների միջով՝ շարունակաբար ենթարկվելով ռազմական հարձակումների, ահաբեկումների, 10 ամիս շարունակվող շրջափակման և սովամահության։


Միջազգային հանրության կողմից դեռևս երեք տարի առաջ ուժի կիրառման քննադատության և կոշտ արձագանքի բացակայության, 2020թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված անվտանգային երաշխիքների անարդյունավետության և ԼՂ-ում միջազգային հասանելիության բացակայության պայմաններում Ադրբեջանի հայատյաց գործողություններն ու քաղաքականությունը ոչ միայն չդադարեցին, այլև հասան իրենց նոր դրսևորման՝ սեպտեմբերի 19-ին ձեռնարկած զինված հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զգալի մասի՝ փաստացի բռնի տեղահանման, էթնիկ զտման:


Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։ Այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը», - նշում է ԱԳՆ-ն: