14.12.2024
Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են, կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

ԵՊՀ-ում ձևավորվում են կամավորական խմբեր՝ արցախցիներին արդյունավետ աջակցելու համար

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ հստակեցվել ու մասնավորեցվել են ԵՊՀ ներուժն ու ռեսուրսները և Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները։ 

Ինչպես հայտնում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մխիթար Հայրապետյանը, այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։

Մասնավորապես՝ ակնկալվում է ձևավորել աշխատանքային 6 խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։

Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ ԵՊՀ-ն գործընթացն առավել համակարգված կազմակերպելու նպատակով ակտիվորեն հաղորդակցվում է պետական մի շարք գերատեսչությունների հետ։

Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում աշխատող մեր տեղեկատվական թիմի անդամներին՝ գրանցման և աշխատանքային խմբերին միանալու համար։