Վաղարշակ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին
Ուրախ եմ փաստել, որ հայ-ղազախական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Մենք կարեւորում ենք երկկողմ համագործակցության խորացումն ու զարգացումը. այս համատեքստում պետք է ակտիվացնել բարեկամական խմբերի փոխայցելությունները. ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Բոլատ Իմանբաեւն իր հերթին գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները գնալով էլ ավելի են ամրապնդվում: Նա նշել է, որ Ղազախստանը ողջունում է բարեփոխումների ուղին, որը Հայաստանը սկսել է 2018 թվականից: Արտակարգ եւ լիազոր դեսպանը Վաղարշակ Հակոբյանին տեղեկացրել է, որ վերջին ընտրություններից հետո իրենց երկրում արդեն ձեւավորվել է Մաժիլիսը, ներկայացրել բարեկամական խմբի անդամ պատգամավորների ցանկը ու հայտնել, որ իրենց երկրում արդեն սպասում են ՀՀ ԱԺ պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են բարեկամական խմբերի փոխայցելություններին ու դրանց ժամանակահատվածին վերաբերող հարցեր: