Հայաստանի և Տրինիդադ և Տոբագոյի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Տրինիդադ և Տոբագոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրել են երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։
Դեսպան Մարգարյանը շնորհավորել է Տրինիդադ և Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։