Մի քանի օրից Բաքուն հայ երիտասարդներին ազատ կարձակի. Արցախի ԱԳ նախարար
Բաքուն 3 երիտասարդին մի քանի օրից ազատ կարձակի։ Այս մասին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, գրում է Սպուտնիկը:
Նշենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից Ադրբեջանն առևանգել էր 3 երիտասարդի, որոնց մեղադրում են ադրբեջանական դրոշն անարգելու մեջ։
«Մեր գործընկերները հայտնել են` ադրբեջանական կողմը խաղաղապահների միջոցով փոխանցել է, որ մի քանի օրից մեր երիտասարդներին ազատ կարձակեն»,– նշեց Ղազարյանը։
Ճշտող հարցին, թե ուր կվերադարձվեն երիտասարդները` Հայաստան, թե Արցախ, նախարարը շեշտեց, որ ամեն դեպքում երկու տարածքում էլ նրանք ավելի անվտանգ կլինեն։
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնեց, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։