Մենք Լեռնային Ղարաբաղում դանդաղ ցեղասպանության ականատեսն ենք. Die Zeit
Գերմանական Die Zeit թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել՝ Բաքուն սովամահ է անում տեղի բնակչությանը։
Հոդվածում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, այստեղ չեն հասնում սնունդ և դեղորայք, հիվանդները ոտքով են հասնում հիվանդանոց, քանի որ վառելիքի բացակայության պատճառով այլևս շտապօգնության մեքենաներ չեն գործում: Սուպերմարկետների դարակները դատարկ են, իսկ մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար, բայց այդպես էլ չեն ստանում այն։ Հղի կանայք այլևս բժշկական օգնություն չեն ստանում և վիժում են:
«Ում հետ էլ խոսեք այս օրերին Լեռնային Ղարաբաղում, դուք միշտ լսում եք 20-րդ դարի վախեցնող խոսքերը՝ ցեղասպանություն, էթնիկ զտումներ։ Իր տառապանքներն այս ժողովուրդը կապում է 1915 թվականի պատմական փորձի հետ, երբ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց մինչև մեկուկես միլիոն հայերի»,- նշված է հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի բռնապետ Ալիևը սպառնում է այսպես կոչված «անջատողականներին»՝ պահանջելով ապրել իր երկրի կազմում կամ հեռանալ:
«Արդեն մեկ ամիս է՝ նա սովամահ է անում անկլավում մինչև 120 հազար հայերի։ Հայերը վախենում են պատմության կրկնությունից և բարձրաձայն խոսում են այդ մասին։ Բայց դա նաև ցույց է տալիս, թե ինչ է նշանակում նրանց համար ապրել Ադրբեջանի բռնապետության ներքո: Եվ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մտավախությունները կարծես թե հաստատվում են. ամբողջ աշխարհն այժմ տեսնում է, թե ինչ աղետ կլինի, եթե նրանք հայտնվեն Ադրբեջանի իշխանության տակ»,- նշված է Die Zeit-ի հոդվածում։