24.11.2024
Մամուլի տեսություն. Կառավարությունը ՀՀ պետական պարտքն ավելացնում է 50 մլն դոլարով
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնախնդրի բանակցություններում առաջընթաց չկա. Քոչարյան

Դեկտեմեբրի 8-9-ը Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Այդ առումով դեռևս հստակություն չկա», - ասաց Քոչարյանը: Ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս նշել էր, որ Համբուրգում հանդիպումների ձևաչափը հստակեցված չէ ու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա:

Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը:

Երբեք հայկական կողմերը չեն խուսափել հանդիպումներից, միակ ակնկալիքը, որ եղել է, այն է, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ, հավելելց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի այն հայտարարությունների մասին, ըստ որոնց, հայկական կողմն է խուսափում բանակցություններից:

«Իսկ արդյունավետությունը կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Ավելին՝ ներկա փուլում անհնարին է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասաց նա:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ անհնար է ակնկալել առաջընթաց բանակցություններում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիք, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են և շփման գծում սադրանքներ են կազմակերպվում:

«Սա այն իրողությունն է, որ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում արձանագրվել էր: Առաջին հերթին այդ ուղղությամբ պետք է տարվեն բանակցությունները, որպեսզի կրակի դադարեցման անժամկետ ռեժիմը կյանքի կոչվի»,- ասաց փոխարտգործնախարարը:

Նա նաև հիշեցրեց, որ Վիեննայում քննարկված հետաքննության մեխանիզմների ներդրումը նորություն չէ, Ադրբեջանի միջազգային պարտավորվածությունն է դեռևս 1995 թվականից:

«Որովհետև ցանկացած զինադադար պետք է պարունակի իր մեջ այդ տարրը»,- նկատեց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով,- Պատահական չէ, որ 1995 թվականին դա ամրագրված էր, այլ բան է, որ այդ ժամանակից մինչ այսօր, նույնիսկ Վիեննայի պայմանավորվածություններից հետո ադրբեջանական կողմը փորձում է դա տորպեդահարել դա»:

Անդրադառնալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԼՂ ստատուսի վերաբերյալ հայտարարություններին եւ դրանց մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքի արտահայտություններին, Քոչարյանը նշեց, որ Ուորլիքի արձագանքում հեգնանք կա: «Եթե վերլուծենք, նա ուղղակի հեգնում է: Իսկ հեգնելը որն է՝ ասում է տեսեք՝ ինքը վերջապես պատրաստ է քննարկել կարգավիճակը, որը մինչ այդ ընդհանրապես չէր ասում: Ուորլիքի ասածը դա է», -նկատեց Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Երևան կատարած վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին լրագրողը հիշեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» և հետաքրքրվել էր, թե համանախագհն ի՞նչ կարծիքի է այդ հայտարարության վերաբերյալ և արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Քոչարյանը հորդորեց պատմության, գործընթացի հետ կապված Ալիևի «անհեթեթ» հայտարարությունները չմեկնաբանել, ուշադրություն չդարձնել դրանց վրա: «Այդ երկրում թերարժեքության մի հատ բարդույթ կա, որը արտահայտվում է տարբեր ոլորտներում», -հավելեց Քոչարյանը: