24.11.2024
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կառավարությունը ՀՀ պետական պարտքն ավելացնում է 50 մլն դոլարով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ «չիստկան» սկսվել է ամենախնդրահարույց՝ Արարատի մարզից։ Այստեղ ավանդաբար ընտրություններն ընթացել են Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», բայց այժմ նրա մասնակցության հարցը դեռ օդում կախված է։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից շատ զայրացած է եւ առայժմ դեռ որեւէ «դաբրո» չի տվել։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ առաջիկայում էլ Աբրահամյանների ընտանիքի դեմ որոշ քայլեր են արվելու։ Օրինակ՝ պաշտոնանկ է արվելու նաեւ մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է ու վերջերս աշխատանք էր տանում ԲՀԿ-ն մարզում ուժեղացնելու ուղղությամբ՝ ոմանց ուղղորդում էր անդամագրվել այդ կուսակցությանը։ Արդեն իսկ լարված պայքար է սկսվել Աբրահամյանների ու «Ավշարի» Գրիգորյանների միջեւ։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ բալանս է խախտվել, ու Աբրահամյանների ազդեցության տիրույթում՝ Արտաշատի շրջանում, ընտրվել են Գրիգորյանների «մարդիկ»։ Հիմա այդ գյուղապետերի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանց նորից տեղավորեն իրենց ազդեցության տիրույթում եւ ընտրություններին ստանան իրենց հասանելիք ձայները։

Նշենք, որ մարզային ջրօգտագործողների ընկերությունները միավորելու թեման էլ է Աբրահամյանների ու Գրիգորյանների միջեւ ռազբորկայի առիթ դարձել։ Բանն այն է, որ Արարատի ՋՕԸ-ի ղեկավարը Գրիգորյանների «մարդն» է։ Ծրագրվում է միավորել Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-ները։ Հավանական է՝ ղեկավար կնշանակվի Արտաշատի ՋՕԸ պետ Արթուր Ղազարյանը, որն Աբրահամյանների հետ անցյալում թշնամական, ներկայում բարեկամական հարաբերություններ ունեցող Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է։ Հիշեցնենք, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ Աբրահամյանի եղբորորդին։ Նա նշանակվել է Արմավիրի ոստիկանապետ, տեղը զիջել Սեւան Քոչարյանին, որն Արարատի բաժնի պետն է ու ավելի մտերիմ հարաբերություններ ունի «Ավշարի» սեփականատերեր Գրիգորյան եղբայրների հետ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով նոյեմբերի 1-ին վարչապետ Կարեն Կարապետյանի` զարգացման ռազմավարական ծրագրեր ներկայացնելու հանձնարարականին, հաստատեց մեր այն տեղեկությունը, ըստ որի` մի շարք համայնքների ղեկավարներ այս օրերին վարկեր են ձեւակերպում, որպեսզի մարեն մարզպետարանի պարտքերը: Իսկ խնդիրը պարզեցինք` կապված է այն բանի հետ, որ բնակիչները չեն կարողացել համայնքին վճարել սերմացուի կամ դիզվառելիքի գումարները, եւ ստիպված գյուղապետերն են նրանց փոխարեն վարկ վերցնում. «Մասամբ կա այդ խնդիրը, այդ բնագավառը նույնպես այս ռազմավարական ծրագրի մեջ ընդգրկված է լինելու»,- հավելեց մարզպետը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի եւ Վերակառուցման, զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային վարկ` 50 մլն դոլարի չափով: Վարկի գումարի մարման ժամկետը 25 տարի է, իսկ մայր գումարի մարման ժամանակացույցը՝ 2031 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2041 թվականի նոյեմբերի 15-ը: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը Հայաստանի պետական պարտքը, որը կազմում է 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար, ավելացնում է եւս 50 մլն դոլարով: Նկատենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման ավելի քան երկու ամիսների ընթացքում պետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ է ավելացրել պետական պարտքի չափը: Իսկ վարկեր ներգրավելու «նորամուտը» կլինի այս ծրագիրը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։ Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին՝ դեռ կարող է փոխվել։ Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված։ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը։ Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, որի ընթացքում Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերի սկզբին համացանցում արված գրառման եւ դրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում: Հիշեցնենք, որ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին: ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաեւ ավանդատուների ժառանգներին: Այստեղ միակ խնդիրը, որ խոչընդոտում էր ավանդները վերադարձնելուն, այդ ավանդները չստացած ժառանգների իրական թիվը չիմանալն էր։ Այդ հարցը լուծելու համար էլ օրերս հեռուստահարցազրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել քաղաքացիներին՝ իրենց տվյալները փոխանցել ՀՎԿ մոտակա գրասենյակներ, որպեսզի դրանք ամփոփվեն, եւ գործընթացն սկսվի»: