Ֆրանսիան կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ԱԳՆ
Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին ու վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը, գրում է news.am-ը:
Փարիզն իր ամբողջական աջակցությունն է հայտնել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։
«Եվրոպական միության հետ համատեղ, Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը»,- նշել է դիվանգիտական գերատեսչությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախարարի ուղերձը, որը եղել էր ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ։