Հայաստանի Ազգային ժողովում սկսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: Մանդատից զրկվելու դեպքում խոշոր գործարարը կզրկվի նաև պատգամավորական անձեռնմխելիությունից: «Հանձնարարվել է ուսումնասիրել բոլոր պատգամավոների բացակայությունները», - հայտնում է խորհրդարանի տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։
Ազգային ժողովի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն բացում է «փակագծերը»՝ նշելով, որի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարական է իջեցրել, որսպեսզի ուսումնասիրվեն Գագիկ Ծառուկյանի բացայակությունները: «Ես նոր զրուցեցի ԱԺ նախագահի հետ: ԱԺ նախագահը հանձնարարական է իջեցրել, որպեսզի ուսումնասիրվեն Գագիկ Ծառուկյանի բացակայությունները եւ նրանց հիմքերը: Ուսումնասիրություններից հետո ԱԺ նախագահը կկայացնի իր որոշումը, որից հետո մենք արդեն ըստ դրա կշարժվենք»,- տեղեկացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հայտնում է Aravot.am-ը:
Ինչպե՞ս հարգելին համարել անհարգելի
ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել
ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է Ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»: Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայմում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների մասին:
Ծառուկյանի դեմ ձեռնակրվելիք գործողությունների շարքում Սարգսյանը ամսնավորապես ակնարկել է, որ կարող են սկսել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլեր», - հայտարարել է ՀՀԿ առաջնորդը:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորի բացակայությունը հարգելի է, թե անհարգելի, որոշում է Ազգային ժողովի նախագահը: Սակայն ուշագրավ է, որ օրենքը կոնկրետ ժամկետ է սահմանում. եթե պատգամավորը բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից, ապա բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգում, այսինքն եթե որևէ պատգամավորի բացակայությունը անհարգելի համարվեր, այդ հարցը արդեն իսկ պետք է քննարկված լիներ փետրվարի 2-5-ը կայացած քառօրյայի ընթացքում։ Սակայն 7-րդ նստաշրջանի առաջին քառօրյայում նման հարց չի քննարկվել:
Ինչպես նշում է խորհրդարանի աշխատանքները մոնիտորինգի ենթարկող կազմակերպությունը, նախորդ՝ 6-րդ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելին բաց է թողել 15 պատգամավոր, բոլոր պատգամավորների, այդ թվում և Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մի մասը Ազգային ժողովի նախագահը համարել է հարգելի։ Այսպիսով նրանց մանդատից զրկելու հարցը օրակարգում չի հայտնվել։ Սակայն ամեն ինչ հնարավոր է վերանայել, ասում է Արսեն Բաբայանը։
«Արդեն որոշումներ կան, թե որ պատգամավորների բացակայությունները հարգելի են համարվել, և որը՝ ոչ։ Բայց դա չի նշանակում, թե իրավունք չունեն վերանայելու այդ ամբողջ գործընթացը»,- ասաց Բաբայանը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
Թե ինչ հիմքով կարող են արդեն հարգելի համարված բացակաները անհարգելի համարվել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կանոնակարգը բնականաբար չի խախտվելու, ամեն ինչ լինելու է կանոնակարգով: Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո անդրադարձ կատարվում է, անցած նստաշրջանի արդյունքները դեռ չեն ամփոփվել, դեռ ամփոփվում են: Կանոնակարգը նախ պետք ուսումնասիրեն իրավաբանները, կանոնակարգի որեւէ խախտում չի լինելու»:
Բաղդասարյանի համզմամբ, եթե չլիներ մանդատից հնարավորություն, նման հարց չէր բարձրացվի: Այս կարծիքը կիսում է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների խնդիրը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների տիրույթում է: Նրա կարծիքով, եթե անգամ Ծառուկյանի բացակայությունները համարվել է հարգելի, դրանք վերանայլեու իրավական մեխանիզմներ կան. «Իրավական առումով, կարծում եմ, կա: Դա բացառապես ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է: Ինքը պետք է որոշի՝ ճի՞շտ է վարվել, թե՞ սխալ է վարվել»:
«Գագիկ Ծառուկյանին տրվել էր ժամանակ»
Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ սխալ են արել, հանդուրժել են այսքան ժամանակ, սակայն սխալներն ուղղելու ժամանակն է.- «Եվ մարտնչող տգիտությունը թիվ մեկ մարտահրավերն է, որ կա մեր երկրում։ Այլ խնդիր է՝ ինչո՞ւ ենք հանդուրժել։ Սխալ ենք արել, որ հանդուրժել ենք, բայց ավելի լավ է սխալները ուղղել, քան թե սխալները կրկնել»։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն նշում է՝ ժամանակ էր տրվել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նա ևս մեկ անգամ իր ասածների մասին մտածի, սակայն երբ պատասխանը եղել է հուժկու միտինգների մասին հայտարարությունը, որը, ըստ ՀՀԿ-ականի գործչի, հղի է ներքին ու հետևաբար արտաքին ցնցումներով, իշխող կուսակցությունը որոշել է պատասխանել։
«Սա բավականին ուշացած է, ՀՀԿ-ի բոլոր գործընկերները բազմիցս ասել են, թե ինչքան կարելի է համբերել։ Նախագահը մինչ այս տարբեր մեսիջներով հնարավորություն էր տալիս, բայց իրավիճակը այնպիսին էր, որ արդեն վերջնագրերով էին խոսում, ուլտիմատներով էին խոսում, այսինքն այդ պատասխանը պետք է տրվեր»,- ասաց Բաղդասարյանը, հավելելով, որ չնայած Գագիկ Ծառուկյանը
հստակ դրել է արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը և Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, արտահերթ զարգացումներ չի սպասում։ «Չի կարող նման բան լինել, պատրաստվեք 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Չկան դրա հիմքերը»,- ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը։
«Իմ դեմ ես՝ կպատժվես»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ընդունել է Սարգսյանի հայտարարած քաղաքական «պատերազմը» և հայտարարել
«համաժողովրդական մոբիլիզացիա» նախագահի պաշտոնանկությանը հասնելու համար: ԲՀԿ խմբակցության պատգամավերները շարունակում են քննադատել Սերժ Սարգսյանի ելույթը: ԲՀԿ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն նախագահի ելույքն անվանել է «չկշռադատված»: «Ավելի չկշռադատված, ավելի անհավասարակշիռ և ընդհանրապես նախագահին ոչ հարիր ելույթ ես երևի թե մինչ այժմ չէի լսել», - հայտարարել է նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն որակել է Սերժ Սարգսյանի ելույթը «հակասահմանադրական»: «Սկզբից մինչև վերջ հակասահմանադրական ելույթ էր: Համոզմունքը ունեի և առավել ամրագրվեց, որ իշխող կուսակցությունը Հայաստան երկրին վերաբերվում է որպես իրենց համար մի տարածք, որտեղ ինչ ուզենան, կանեն», - հայտարարել է նա:
Նրա համոզմամբ՝ իշխանությունները ցույց տվեցին, որ առաջնորդվում են հետևյալ համոզմունքով՝ «եթե իմ հետ ես՝ քեզ ամեն ինչ կարելի է, իմ դեմ ես՝ կպատժվես»:
«Եթե գտնում էին, որ (Գագիկ Ծառուկյանը) Ազգային ժողովի կանոնակարգ է խախտել, թող այն ժամանակ մի բան անեին, ինչո՞ւ են հիմա հայտրարաում, որ մանդատը կվերցնեն: Այս ամենի եզրակացությունը հետևյալն է. եթե իմ հետ ես բոլոր տեսակի օրնախախտումներ կարող ես անել, եթե իմ դեմ ես՝ հենց իմ հետ լինելու ժամանակ թույլ տված օրինախախտումները օգտագործելու եմ քո դեմ՝ քեզ պատժելու համար: Սա պետության հատկանիշներ չեն և նախագահին վայել ելույթ չէ», - հայտարարել է Օսկանյանը:
Օսկանյանի խոսքերը անուղղակիորեն հաստատվում են նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում տեղ գտած Ծառուկյանին ժամանակին հովանավերելու մասին պարբերությամբ. «Ստեղծված իրավիճակի մեջ տեսնում է նաև իր մեղքը` նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար»: «Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել... Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ», - հայտարարել է Սարգսյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ Օսկանյանը կարծիք է հայտնել, որ եթե մինչ այսօր երկրի քաղաքական ներկապնակը բազմերանգ էր, հնարավորություններ կային պայմանավորվածությունների հասնելու, այս կամ յան հարցի շուրջ ելքեր գտնելու համար, նախագահը վերոնշյալ ելույթով «հանեց այդ երանգները և դաշտը վերածեց սև ու սպիտակի»: