27.11.2024
Փաշինյանը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով
prev Նախորդ նորություն

Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում

««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում:


Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով նախատեսվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացումը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեւորմանը եւ դրա նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:


Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացմամբ սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում:


Զեկուցողի խոսքով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձինք՝ 70.000-100.000 դրամի չափով:


Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով հստակեցվում է նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների շրջանակը: Լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը՝ Վարչական դատարանի փոխարեն:


Զեկուցողն ընդգծել է, որ Կառավարությունն առաջարկել է նախագծի վերնագրում որոշակի փոփոխություն կատարել:


Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: Նշվել է, որ ներքին կանոնները չպահպանելը կհանգեցնի կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:


Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:


Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: