28.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք
prev Նախորդ նորություն

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ադրբեջանին

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական գլխավոր վեհաժողովը, որը կրում էր «ՈՒՄՎ 30 տարիները. նոր մարտահրավերների եւ նոր հեռանկարների առջեւ» խորագիրը: Վեհաժողովի ավարտին ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի առաջարկությամբ նիստի մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում դատապարտվում էր նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:


Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը: Վեհաժողովին մասնակցել են 19 երկրների խորհրդարանների պատվիրակներ եւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Սիսակ Գաբրիելյանը մասնակցել է վեհաժողովին նախորդած միջազգային քարտուղարության փակ նիստին, որտեղ քննարկվել են կազմակերպության հետագա գործունեության հետ կապված հարցեր:


Վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 30-ամյակը, բարձր է գնահատել վերջինիս դերը միջկրոնական հակասությունների հաղթահարման եւ միջկրոնական երկխոսության խորացման գործում: Նա կարեւորել է ՈՒՄՎ դերը նաեւ տարբեր երկրների խորհրդարանականների համար համագործակցության բացառիկ հարթակ ստեղծելու գործում, որը նպատակ ունի պաշտպանել քրիստոնյաների կրոնական իրավունքներն ու ազատությունները եւ առաջ մղել խաղաղության քաղաքականություն: Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ Արցախի շրջափակմանը, վերջինիս նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտմանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների գրավմանը եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությանը:


ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, մանրամասն ներկայացրել հունիսի 23-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւը, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններից: