29.11.2024
Արցախյան պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգն իջեցնում են. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն. ԱՄՆ դեսպանն այցելել է Շիրակի մարզ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալելու դեսպանին և առանձնահատուկ պատասխանատվությամբ կներկայացնի Շիրակի մարզը, քանզի դեսպանն առաջին անգամ է այստեղ․


«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, սիրով ձեզ կպատմեմ մեր մարզի և մարզկենտրոնի մասին: Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Գյումրին կորցրեց երբեմնի հզորությունները, տասնամյակներ շարունակ քաղաքի վերականգնման ու կառուցման տարատեսակ ծրագրեր են իրականացվել։ Ու դեռ անելիքներ կան։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ փոքր ու միջին բիզնեսում, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, առաջ գնալու համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու»։

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Պարոն մարզպետ, զգացված եմ ձեր առանձնահատուկ վերաբերմունքից։ Ինձ համար պատիվ է լինել Շիրակի մարզում, հյուրընկալվել ձեզ և զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Վստահ եմ, եթե կա փոխադարձ պատրաստակամություն, ապա համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն»։

Մարզպետը կարևորել է հետերկրաշարժյան ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարության կողմից Շիրակի մարզին ցուցաբերած օժանդակությունը և անդրադառնալով հայ-ամերիկյան բարեկամությանը՝ վստահություն հայտնել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և այդ համատեքստում կամրապնդվի նաև ապակենտրոնացված գործընկերությունը։

«Տիկին դեսպան, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,-նշել է մարզպետը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, մարզում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես ՏՏ բնագավառում առկա տեղաշարժերին, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին։

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել։