Արցախյան պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգն իջեցնում են. պատգամավոր
Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ առ այն, որ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
"Նշեմ, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է` 1-ին խմբի դեպքում՝ հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով, 3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով։
Դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը գրությամբ առաջարկել եմ ավելացնել հաշմանդամության կարգ ունեցող պատերազմի մասնակիցների կենսաթոշակների չափերը։
Այժմ էլ կոչ եմ անում պատկան մարմիններին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հետամնուտ լինել խնդրին՝ բացառելով նման միտումնավոր դեպքերը։
Պատերազմի մասնակիցները մշտապես պետք է լինեն պետության և հանրության ուշադրության կենտրոնում՝ ստանալով սեր և հոգածություն",- գրել է դաշնակցական պատգամավորը։