27.11.2024
Այսօր 14 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իտալիան ընդլայնում են համագործակցությունը քրեական արդարադատության ոլորտում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոյի գլխավորած պատվիրակությանը:


Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերոջը հրավերն ընդունելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:


ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Իտալիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության վրա:


Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:


Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախատեսված փորձի փոխանակման, փոխայցելությունների և համատեղ կոնֆերանսների կազմակերպումը կնպաստեն երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության հետագա ընդլայնմանն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ ի նպաստ հայ և իտալացի ժողովուրդների: