24.11.2024
ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական շրջափակմամբ
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձևը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը:


«Ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԺ նախագահի խոսքում:


Արթուր Թովմասյանը կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով:


«Խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է նա:


ԱԺ նախագահը կարևոր է համարել նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն: