Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով և նշել. «Շատ կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության զորքերի հերթական տարեդարձը նշում ենք ոստիկանության բարեփոխումների մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ նաև կառավարությունն է այդ առիթով կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել, ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն:
Տեղյակ եք, իհարկե, որ այս բարեփոխումների համատեքստում նաև որոշակի կառուցվածքային բարեփոխումների պետք է ենթարկվեն Ոստիկանության զորքերը՝ վերաձևակերպվելով և վերակազմավորվելով որպես Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիա: Սա չափազանց կարևոր փոփոխություն է, և ուզում եմ, որ անդրադառնանք բովանդակությանը, թե ինչ է բերելու այդ փոփոխությունը:
Առաջին հերթին, չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու:
Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետ և՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները:
Սրանում ոչ մի կասկած չկա, պարզապես կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ: Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռան ա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի:
Երկրորդ նրբությունը, փոփոխությունը, որը շատ կարևոր է. այժմ ոստիկանության զորքերը տեղակայված են միայն մայրաքաղաք Երևանում: Մենք որոշել ենք նաև այս համակարգը փոփոխության ենթարկել, և նաև մարզերում կտեղակայվեն Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ, որովհետև շատ դեպքերում, երբ կարիք է լինում, երբ ծառայության խնդիր է առաջանում՝ Ոստիկանության զորքերը, ստորաբաժանումները Երևանից տեղափոխվում են մարզեր: Երբեմն ստիպված են լինում օրեր անցկացնել ավտոբուսների մեջ, ամենատարբեր անհարմար պայմաններում: Կենցաղային և ծառայողակ ան բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Մենք կիրականացնենք նաև այս փոփոխությունը և մարզերի որոշակի խումբ կձևավորվի, որոնց համար կնախատեսվի Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը: Սա ենթադրում է, որ նաև Ոստիկանության գվարդիայում որոշակի նոր համալրում պետք է լինի՝ արդեն նոր ստանդարտներով և նոր աշխատավարձով:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն Ոստիկանության գվարդիայում՝ այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, Զինված ուժերում, Պարեկային ոստիկանությունում, ընդհանարապես Ոստիկանությունում: Չնայած հասկանում ենք, որ սա շատ հեշտ լուծվող խնդիր չէ. բոլորս պետք է քաջալերենք մեր կանանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք չերկնչեն այդ ծառայությանը դիմելու համար: Նաև, իհարկե, ձեզնից է շատ բան կախված, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց այն էլ առկա հոգեբանական արգելքներն ավելի չընդգծվեն, այլ ընդհակառակը՝ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի քաջալերվի այդ գործընթացը, այդ ծառայությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր պետությունում իրավակարգի որակը բարձրացնելու համար:
Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ,
Սա, ենթադրում եմ՝ մեր վերջին հանդիպումն է այդ վերնագրի ներքո, որովհետև հաջորդ տարի արդեն Ոստիկանության զորքերը կվերածվեն, կվերափոխվեն Ոստիկանության գվարդիայի, բայց կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ: Սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:
Պիտի արձանագրենք, որ Ոստիկանության զորքերն իրենց գոյության 31 տարվա ընթացքում շատ կարևոր խնդիրներ են լուծել Հայաստանի Հանրապետությունում: Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Մենք գիտենք, որ Ոստիկանության զորքերն առաջին օրից ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման հարցերում:
Ուզում եմ գլուխ խոնարհել Ոստիկանության զորքերի այն բոլոր ծառայողների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի, ովքեր զոհվել են, ընկել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս և առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»:
Հարգանքի տուրքից հետո վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած ծառայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացել եք ամուր կանգնել Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, ժողովրդավարության, Սահմանադրության ապահովման և պահպանման դիրքերում:
Բոլորիդ հաջողություն եմ մաղթում հետագա ծառայության ընթացքում և հույս ունեմ, որ մենք Ոստիկանության զորքերը Ոստիկանության գվարդիայի վերափոխելու ճանապարհին և այդ վերափոխման արդյունքում հետահայաց կկարողանանք արձանագրել, որ կատարել ենք իսկապես բարեփոխում, որը և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, և՛ որակով համապատասխանում է մեր լավագույն ցանկություններին»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը: