24.11.2024
Տիգրան Ուրիխանյանը իրական իշխանափոխության համար կողմնակիցների է հավաքագրում
prev Նախորդ նորություն

Միջազգային փրկարարական վարժանքի հայ մասնակիցները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները

«Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում,պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի շրջանակում, հունիսի 12-16-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվեց «TbiEx2023» տարածաշրջանային լայնածավալ միջազգային վարժանք։ Այս մասին հայտնում է 911tert.am-ը:


Ծրագրի նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայունությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում եւ Ուկրաինայում։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։


Եղել են եւ քննարկումներ եւ դաշտային գործնական աշխատանք, որին ներգրավվել են բոլոր փրկարար ուժերն իրենց տեխնիկայով։ Հայաստանի գործնական թիմի հրամանատար, ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեւորգ Գալստյանի խոսքով՝ Երեւանի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի տարբեր ստորաբաժանումներից ընտրվել է 20 ծառայող՝ շտաբային ղեկավար կազմը, հրշեջ-փրկարարներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային (ՔԿՃՄ) անվտանգության մասնագետներ։


Ըստ սցենարի՝ երկու տեղամասում լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել։ Հրշեջների մեկ մարտական հաշվարկ եւ ՔԿՃՄ խումբը դադարեցրել են այրվող ցիստեռնից արտահոսքը, կատարել վարակազերծման աշխատանքներ եւ փրկել տուժածին։ Անտառային տեղամասում աշխատել է երկու մարտական հաշվարկ, որոնք դժվարանցանելի հատվածը հաղթահարել են ոտքով եւ բացազատելով մոտ 80 մետր փողակ՝ կատարել հրդեհաշիջում։


Հայկական թիմն աշխատել է Մոլդովայի եւ Վրաստանի ջոկատների հետ համատեղ։ «Թե՛ շտաբում, թե՛ բազայում սերտ համագործակցություն էր ստեղծվել։ Մենք հետաքրքրվեցինք մյուսների նորագույն տեխնիկաներով եւ աշխատանքի տարբերություններով։ Բոլորը զարմացել էին անտառային բարդ պայմաններում հատկապես մեր «Ուրալ» մակնիշի մեքենայի դիմացկունությունից»,- հավելեց Գեւորգ Գալստյանը։


Վարժանքն ընթացել է հարթ, հայ փրկարարները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։ Թիմի հրամանատարի խոսքով՝ մեր փորձառությունը նրանից է, որ հաճախ ենք մասնակցում նման վարժանքների։ Առաջիկայում՝ հոկտեմբերին, Հայաստանը միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանքի շրջանակում կհյուրընկալի 6 երկիր։