Ալեն Սիմոնյանը բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» նախագծի աշակերտներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել եւ բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին:
Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները: Ծրագրով ավագ դպրոցի աշակերտների համար ճանաչողական այց է կազմակերպվում Ռուսաստանի եւ Բելառուսի այն տարածքներ, ուր տեղի են ունեցել Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից տեղեկանալով ծրագրի մանրամասներին` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ տարի հաստատել էր Հայաստանի մասնակցությունը:
ԿԳՄՍ նախարարության եւ «Մոսկվայի տան» հետ համատեղ իրականացված մրցույթի արդյունքում ընտրվել է 20 աշակերտ, որոնք վաղը կմեկնեն Մոսկվա, այնուհետեւ գնացքով կուղեւորվեն Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաք` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է պատանիներին` խորհուրդ տալով այլազգի հասակակիցներին ներկայացնել մեր երկիրն ու խոսել Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հերոսական պատումների եւ մեծ ավանդի մասին: «Հիշեք, որ հայ եք, անկախ Հայաստանի քաղաքացի եւ հենց այդ զգացումներով էլ ընկերացեք ձեր տարեկիցների հետ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` բարի երթ մաղթելով նրանց:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ուղեկցելու է աշակերտներին ճամփորդության ընթացքում: Նրա խոսքով նախագիծը կարեւորվում է նոր սերնդին մեր նախնիների հերոսական անցյալի հետ ծանոթացնելու առումով, իսկ պատանիները հնարավորություն են ունենալու տեղում տեսնելու եւ պատկերացում կազմելու մեր հերոսական պապերի կողմից կերտած հաղթանակի մասին:
Խոսելով ծրագրին իրենց մասնակցությունից` աշակերտները նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են գնացքով ուղեւորվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի բովով անցած քաղաքներ եւ շատ բան ունեն պատմելու մեր երկրի, մեր սովորույթների մասին:
Ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին կազմակերպել «Հիշատակի գնացք»` ԱՊՀ անդամ բոլոր երկրների դպրոցականների մասնակցությամբ: