Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել փախստականների խնդիրները. Վիլեն Գաբրիելյան
«Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները` գլոբալ առումով»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` հունիսի 19-ին փախստականների հարցերով զբաղվող մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկմանը:
Ըստ պատգամավորի` փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հիմնականում լուծել են փախստականների որոշ սոցիալական խնդիրները` չզբաղվելով նրանց քաղաքական, իրավական, քաղաքացիական իրավունքների հարցերով, ինչը փաստացի հնարավորություն չի տվել բռնի տեղահանվածների հարցերը միջազգային հարթակներում պաշտոնապես բարձրաձայնել ու ներկայացնել համապարփակ ձեւաչափով:
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները:
ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնել են առկա բազմաբնույթ խնդիրները: Առաջարկվել է խնդիրները լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով:
Վիլեն Գաբրիելյանը շեշտադրել է պետական աջակցության անհրաժեշտությունը: Նա կարեւոր է համարել բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը` սահմանելով հստակ քայլերի հաջորդականությունը:
Կարեւորվել է նաեւ պետություն-հասարակական կազմակերպություններ գործակցությունը:
Հիշեցնենք, որ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով երկրում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:
1999թ. ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են փախստականներին կարգավիճակ տալու հիմքերը, պայմանները, նրանց իրավական եւ սոցիալական պաշտպանվածության երաշխիքները: