25.11.2024
Ի՞նչ հայտարարություններ են հնչել Պակիստանի վարչապետի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում
prev Նախորդ նորություն

Դատարանները բեռնաթափելու նպատակով գումարի բռնագանձման պահանջներով գործերը կտան նոտարներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում անցկացված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ողջամիտ ժամկետներում քաղաքացիական գործերի քննության սկզբունքի խախտմանը հանգեցնող հիմնական պատճառներից է քաղաքացիական գործերի ահռելի քանակը։ Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ներկայումս դատարանների ծանրաբեռնվածությունը մեծապես պայմանավորված է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումների և վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների մեծ ծավալով, մասնավորապես՝ 2020 թվականից 2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 441.128 հայցադիմում, որից 395,149-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին: «Այսինքն, ստացվում է գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումները կազմում են Դատարան մուտքագրված հայցադիմումների ընդհանուր թվի 90 տոկոսը, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ փոփոխությամբ դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով:


Նշված գործերով մեծ թիվ են կազմում կապի, կոմունալ ոլորտների՝ գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի, ապահովագրական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումները և դիմումները: Վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակ կարող է հանդիսանալ գումարի բռնագանձման պահանջներով գործերի լուծման այլընտրանքային արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Նախագծով առաջարկվում է գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը հանձնել նոտարների քննությանը՝ նախատեսելով հստակ չափանիշներ, որոնք թույլ կտան սահմանելու նոտարին ենթակա գործերի շրջանակը: Սահմանվել է նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման չափանիշը և կարգը: Այսպես, սահմանվել է, որ նոտարների միջև գործերի բաշխումը և վերաբաշխումը կատարվելու է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ հնարավորինս ապահովելով նոտարների միջև գործերի համաչափ բաշխումը։


Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ի թիվս այլ պահանջների, հստակ սահմանվել է, որ դիմումը նոտարին ներկայացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի վերադարձման և մերժման հիմքերը: Առկա է նաև կարգավորում այն դեպքերի համար, երբ ներկայացված դիմումը չի բավարարում օրենքով ներկայացվող պահանջներին, նոտարը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում՝ հնարավորություն տալով դիմողին այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանում մատնանշված թերությունները վերացնել և այն կրկին ներկայացնել: Սահմանվել ե ն գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու և չեղյալ ճանաչելու հիմքերը և ընթացակարգը:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է օրինագծերով առաջարկվող բարեփոխման կարևորությունը և հույս հայտնել, որ այն արդյունավետ կաշխատի: