Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ներկայացնում է այն հիմնական հայտարարությունները, որոնք հնչել են Բաքվում՝ Պակիստանի վարչապետի այցի շրջանակում և որոնք կարևոր են մեզ համար.
«–Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին պատերազմի ժամանակ ցուցաբերած օգնության համար: Նաև գոհունակություն է հայտնել, որ Պակիստանը մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ:
–Ալիևն իր աջակցությունն է հայտնել Պակիստանին Քաշմիրի հարցում:
–«Պայմանավորվել ենք ավելացնել նախկինում մեր կողմից իրականացվող համատեղ զորավարժությունների քանակը: Դրա անհրաժեշտությունը կա, քանի որ աշխարհում իրավիճակը փոխվում է, անկայունության գոտիները մեծանում են, ուստի հզոր ռազմական ներուժը անկախության և տարածքային ամբողջականության երաշխիք է»,–հայտարարել է Ալիևը:
Իր հերթին, Պակիստանի վարչապետը նշել է.
–Կողմերը խորացնելու են ռազմական ու տնտեսական համագործակցությունը:
–Պակիստանը միայն «Խաղաղության պայմանագրի» կնքումից հետո կարող է դիտարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը:
–«Կարծում եմ, որ Ադրբեջանը բնականաբար կարող է կարևոր դեր խաղալ Պակիստանի հետ հարաբերություններում։ Իհարկե, Մեր հարևանությամբ ունենք Աֆղանստան և Իրան։ Կարծում եմ, որ Չինաստանը ևս կարևոր գործոն է: Այս համատեքստում Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են միասին գործել որպես եղբայրական երկրներ։ Պակիստանը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան նույնպես եղբայրական երկրներ են։ Պակիստանը, Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները եղբայրական երկրներ են։ Պակիստանը, Ադրբեջանը, Քաթարը եղբայրական երկրներ են։ Այսինքն ՝ տեսեք, թե ինչեր կարելի է անել այս կապերով...»,–նշել է Պակիստանի վարչապետը:
Հնչող ուղերձները հստակ թիրախավորում էին Հայաստանն ու Հնդկաստանը: Այսքանից հետո Բաքվի ղեկավարությունը դեռ իրեն թույլ է տալիս Հնդկաստանին բողոքել, թե ինչու՞ են զենք վաճառում Հայաստանին...»,- գրել է Հայրապետյանը: