Բանակցությունները այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում. փոխվարչապետ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված բանակցությունների հետաձգումը, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի այս քայլը սահմանային լարվածության համատեքստում, Խաչատրյանը նշեց, որ բանակցությունները այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում։
«Իհարկե, այս անգամ հետաձգման պատճառների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում տարածել է և դրա կապակցությամբ որևէ լրացնելու բան չունեմ։ Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց այդ հետաձգված բանակցությունները տեղի կունենան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Խաչատրյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ ամենը աշխատանքային գործընթաց է, և մշտապես տեսակետներ են փոխանակվում։
«Եթե ինչ-որ մի փուլում մենք ենք առաջարկություն տվել, որոնց վերաբերյալ դեռ չգիտենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը կամ հակառակը, այդ ամենը սովորական գործընթաց է։ Այստեղ հատուկ որևէ բան դիտարկելու կարիք չկա։ Կարևորն այն է, որ կողմերը արձանագրում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումները և բանակցությունները ավելի են մոտեցնում տեսակները»,- նշեց փոխվարչապետը։
Ճշտող հարցին, թե հայկական կողմը ստացե՞լ է Ադրբեջանի արձագանքները, փոխվարչապետը պատասխանեց՝ վստահաբար ինչ-որ մի փուլում հայկական կողմը առաջարկներ ստացել է։
«Հիմա մեր ամենավերջին առաջարկների կապակցությամբ ինչպիսին է եղել արձագանքը, Արտաքին գործերի նախարարությունը դրա կապակցությամբ պարզբանումներ է հրապարակում։ Դրան չեմ ցանկանում որևէ բան ավելացնել։ Պաշտոնական տեղեկությունները նրանք են, որոնք ԱԳՆ-ն տարածում է»,- եզրափակեց Խաչատրյանը։