Պաշտպանություն այլևս չենք իրականացնելու, դա տիկին Գայանեի ցանկությունն է. փաստաբան
Քիչ առաջ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հայտարարեց, որ այլևս Հակոբյանի պաշտպանությունը չեն իրականացնելու:
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ դիրքորոշման փոփոխություն կա իրենց ու վստահորդի՝ տիկին Գայանեի միջև։
«Պաշտպանություն այլևս չենք իրականացնելու, դա տիկին Գայանեի ցանկությունն է։ Իսկ նրա ցանկությունները մեզ համար ընդունելի են։ Մենք վերջին միջնորդություններն ենք ներկայացրել խափանման միջոցը փոխելու հետ կապված։ Հիմա հանրային պաշտպան են ներգրավելու»,- նշեց նա։
Փաստաբանը նաև ասաց, որ շարունակում են պնդել, որ Գայանե Հակոբյանը պետք է ազատ արձակվի: Ներկայացվել է միջնորդություն՝ խափանման միջոցը չբացակայելու մասին ստորագրությամբ փոխարինելու համար:
Նշենք, որ այսօրվա դատական նիստն անցկացվում է դռնփակ, թեև այդ որոշումը դատավոր Մանվել Շահբազյանը կողմերին չի ներկայացրել և փաստաբանները դիրքորոշում չեն հայտնել։ Ի դեպ, Աշոտ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք ևս դռնփակ նիստ անցկացնելու միջնորդություն չեն ներկայացրել:
Հիշեցնենք, Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար: Աշոտ Փաշինյանը անցած դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի փոփոխությունը՝ տնային կալանքը, այդ հանցանքի համար շատ մեղմ է: Այսօր էլ պնդեց՝ խոնարհվում է բոլոր զոհված զինծառայողների ծնողների, այդ թվում և Գայանե Հակոբյանի առջև, բայց օրենքի առջև բոլորը հավասար են:
Նշենք, որ վաղը Գայանե Հակոբյանի զոհված որդու՝ Ժորա Մարտիրոսյանի որդու ծննդյան օրն է: Զոհված զինծառայողները ծրագրում են այսօր գիշերը մոմավառության երթ անել դեպի Եռաբլուր, քանի որ Գայանե Հակոբյանը չի կարող գնալ որդու շիրիմին: