26.11.2024
ՀՀ-ն ժամ առաջ պետք է ռազմաքաղաքական և տնտեսական պայմանագիր կնքի Իրանի հետ. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանի «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի ներկայացուցիչներին։  Նախաձեռնողը եղել է ԱՀ նախագահը, առիթը՝ ճակատի մեկ օր առաջ տարածած հայտարարությունը, որով ասում էին, թե անթույլատրելի է կարմիր գծի խախտումը: Խոսքն ադրբեջանական անցակետով Ստեփանակերտ-Գորիս ուղեւորափոխադրման մասին է։ Շեշտել էին, որ կատարվածն Արցախի նախագահի հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան կապի ապահովման խախտում է։ Մեզ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից․ Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է նման բան որոշել: Նշել է, որ հազարավոր մարդիկ դժգոհում են, որ Հայաստանի հետ կապը չի ապահովվում, հատկապես հիվանդներ տեղափոխելու համար, չնայած Կարմիր խաչը ռուս խաղաղապահների օգնությամբ հոգում է այդ հարցը: Ասել է, որ ուսանողներից է դիմումներ ստանում, եւ չեն կարող հավերժ շրջափակված մնալ։ Շարժման անդամները պնդել են, որ հստակ հայտարարի, թե ով է կայացրել ուղեւորափոխադրման մասին որոշումը, Հարությունյանն ասել է, որ Անվտանգության խորհրդում են քննարկել դա, եւ ինքը, պետնախարարը եւ կառավարությունն էլ են հակված դրան։ Ռուբեն Վարդանյանի թիմակիցները հեռացել են որոշմամբ, որ առաջիկա օրերին կքննարկեն իրենց անելիքները՝ իրենց ասվածի հետ կապված։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ մեր իշխանության առաջին դեմքերը, քափ-քրտինք մտած՝ այս ու այն կողմ են շտապում, բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում, որ պատրաստ են ապաշրջափակել ճանապարհները, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «Հարաբերությունների կարգավորման» կամ «Խաղաղության պայմանագիր» կնքել, եւ եթե անհրաժեշտ է` անկլավները տալ Ադրբեջանին ու սահմանազատումն էլ անել նրանց նախընտրած քարտեզով, Ադրբեջանը պաուզա է վերցնում: Երեկ տեղեկացանք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերադարձել է հյուրախաղերից, նա տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Թեեւ դեռ հստակ չէ, թե որ կուսակցությամբ է մասնակցելու, գուցե նորն է գրանցելու, սակայն արդեն թիմ է հավաքում: Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են` մեկը հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է, մյուսը՝ Էռնեստ Ավանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Ավինյանին։ Անցած տարեվերջին, օրինակ, «Սուրմալուի» փլատակների մոտ նկարված Ավինյանին նա խորհուրդ էր տվել․ «Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք, լենտեր կտրում կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն եք»։ Երեկ, սակայն, Ավանեսովն ասաց, որ քննարկում չի ունեցել Մարությանի հետ, նրա հետ վերջին անգամ շփվել է քաղաքապետության շրջանում, սակայն չբացառեց, որ կարող է հայտնվել Մարությանի ցուցակում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում որոշել են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ քաղաքական ժողովը կկայանա հունիսի 16-ին եւ 17-ին: Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը: ՔՊ-ում այս օրերին քաղաքական ժողովի հետ կապված թեժ նախապատրաստական աշխատանքներ են գնում. փորձում են այնպես անել, որ ժողովը բարձր մակարդակով անցնի, թերություններ չլինեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գոհ մնա: Կուսակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ օրակարգի եւ հրավիրյալների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, շատ հարցեր կան, որ վերջնական դեռ հաստատված չեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը նիստ կգումարի՝ հաստատելու նիստերի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ, ի թիվս այլ հարցերի, ԱԺ նիստերում հաջորդ շաբաթ քննարկվելու է 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այսինքն՝ նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները հաջորդ շաբաթ պետք է գնան խորհրդարան՝ ներկայացնելու բյուջեի կատարողականը: ՔՊ խմբակցության պատգամավորներից փորձեցինք հասկանալ՝ վարչապետն անձամբ կգնա արդյոք խորհրդարան: Մեզ ասացին, որ դեռ վերջնական որոշում չկա, կախված է Նիկոլ Փաշինյանի օրակարգից: ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի օգոստոսի 21-ի հրամանով՝ ստեղծվել է «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով»՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այդ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել 2019 թվականին։ Իսկ ո՞րն է պատճառը. նախ՝ նշենք, որ հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկված են բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ), բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ եւ այլք։


Իսկ ինչո՞ւ էր ստեղծվել հանձնաժողովը. պարզվում է՝ նրանք պետք է համակարգեն, որ բարեգործություն անելու համար նախ դիմեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ, հենվելով օրենքի ու որոշումների կարգավորումների վրա, ուսումնասիրում է տարբեր հայտեր, ծրագրերը բարեգործական ճանաչելու մասին եզրակացություն տալիս: Եթե հայտը համապատասխանում է, ապա այն ճանաչվում է բարեգործական։ Այս հանձնաժողովի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում էր Վարագ Սիսեռյանը՝ լինելով փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։ Նրա՝ 2020 թվականին պաշտոնից եւ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին դիմումից հետո այս հանձնաժողովն այլեւս չի գործում։ Ամեն դեպքում, այդ մասին են վկայում պաշտոնական փաստաթղթերը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արշալույսները խաղաղ չեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը։ Թե ինչ քվեարկություն է եղել, պարզ չէ, բայց դատարանի շատ դատավորների համար զարմանալի կերպով Վերաքննիչ քրեական դատարանի համակարգող կամ ԲԴԽ Կարեն Անդրեասյանի աչք ու ականջներ ծառայող դատավոր է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։


Նշենք, որ Ռուբիկ Մխիթարյանն այն դատավորն էր, որին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում էր դարձնել ԲԴԽ անդամ, սակայն, ի հեճուկս իր ցանկությունների, ԲԴԽ անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանից դատավոր Արշակ Վարդանյանը։ Հիմա ամենակարեւորի մասին. ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը որոշել Վերաքննիչ քրեական դատարանում իր հավատարիմ մեկին ունենալ։ Բանն այն է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանին չեն կարողանում վերահսկողության տակ պահել եւ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում իրենց ցանկալի որոշումները ունենալ, ուստի որոշել են Մխիթարյանի միջոցով իրավիճակը հսկել։ Իսկ թե ինչ քրեական գործերով է, որ չեն կարողանում ազդել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի վրա, մանրամասները կներկայացնենք առաջիկայում։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսուհետ քննչական գործողությունները՝ առերեսումներ, հարցաքննություններ, պետք է տեսանկարահանվեն: Օրենքի այդ պահանջն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից: 3 կառույց` Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն եւ Հակակոռուպցիոն կոմիտեն, այդ սարքերը ձեռք բերելու համար տենդեր են հայտարարել: Քննչական կոմիտեն՝ 240 միլիոն դրամի, հակակոռուպցիոնը` 20 միլիոնի, ԱԱԾ-ն` 10: Քննչական կոմիտեի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 5 կազմակերպություն, երկրորդին` միայն մեկը: Ինչո՞ւ: Մասնակցողներն ուշացումով տեղեկացել են, որ տեսախցիկների այնպիսի տեխնիկական բնութագիր է սահմանվել, որն իրականացման ենթակա չէ, տնտեսվարողները փաստի առաջ են կանգնել, որովհետեւ նման տեսախցիկներ իրենց հայտնի չեն եղել, եւ նման գներով էլ հնարավոր չի եղել դրանք ձեռք բերել։


Մասնավորապես, տեխնիկական բնութագրում նշված է, որ տեսախցիկները պետք է տեսաձայնագրման 140 աստիճան հորիզոնական անկյուն ունենան, այսինքն՝ նկարահանեն 140 աստիճան անկյան տակ, ինչն անիմաստ է, որովհետեւ կարիք չկա սենյակի հեռավոր անկյունները նկարահանել, եթե կոնկրետ մարդու հարցաքննություն ես ուզում նկարահանել։ Տենդերի 2-րդ փուլում հաղթող է ճանաչվել «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն` «Վեստա» ապրանքանիշի տակ գործող: Այս ընկերության հետ արդեն 167 մլն 640 հազար դրամի պայմանագիր է կնքվել, որի դիմաց Քննչական կոմիտեին պետք է մատակարարվի 942 հատ տեսախցիկ․ 1 միավորի գինը՝ 178 հազար դրամ։ Ըստ պայմանագրի՝ մատակարարվող տեսախցիկները չինական արտադրության են, ապրանքանիշը՝ Spectre7 china jinda INT’L։ Սակայն ե՛ւ «Վեստայի» մրցակիցները, ե՛ւ մենք փորձեցինք համացանցում որոնել, թե ինչ տեխնիկական բնութագիր ունեն այդ տեսախցիկները եւ արդյո՞ք իսկապես նկարում են 140 աստիճան անկյան տակ, սակայն նման ապրանքանիշի տեսախցիկներ չհաջողվեց գտնել»: