Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրական միջոցառում է կազմակերպվել
Այսօր՝ հունիսի 6֊ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է միջոցառում՝ «Ռուսական խոսքի օրեր» խորագրով։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում մայրաքաղաքի կրթօջախների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև ասմունքի մրցույթ է կայացել։ Դպրոցականները ներկայացրել են բանաստեղծություններ, կատարել տարբեր ստեղծագործություններից հատվածներ։
«Ռուսական խոսքն Արցախում երբեք չի լռել։ Այն ջերմությունը, որ ռուսական խոսքն է տարածում Ռուսաստանում, մենք ջանում ենք պահպանել մեր հայրենիքում։ Ռուսաց լեզվի դասավանդման հարցը միշտ էլ ԱՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է եղել: Այստեղ ռուսաց լեզուն սովորում են մեծագույն հաճույքով: Այսօրվա մրցույթի նպատակն է աշակերտների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ` էլ ավելի ամրապնդելով հայ-ռուսական հարաբերությունները, բացահայտել տաղանդավոր աշակերտներին»,-մեզ հետ զրույցում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, միջոցառման կազմակերպիչ Ռուբեն Օսիպյանը։
Մրցույթի հաղթողները նախարարության կողմից դիպլոմներ կստանան:
Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը։