VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ չի բացառվում՝ առաջիկա օրերին հայտնի քրեական գործի շրջանակներում ձերբակալեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին իրավապահների գործադրած տիտանական ջանքերն ապարդյուն անցան, գործին առնչվող տասնյակ մարդկանց ձերբակալեցին, որպեսզի Աշոտյանի դեմ ցուցմունք կորզեն` ապարդյուն։ Այժմ գործընթացն ակտիվացել է, բերման են ենթարկվում ԵՊԲՀ-ի հետ նախկինում երբեւէ գործարք ունեցած մարդիկ, փորձում են կապ գտնել նրանց եւ Աշոտյանի միջեւ։ Խոսքը 2015 թ. Բժշկական համալսարանից խոշոր չափերի հափշտակության առիթով հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակներում անցած տարեվերջին կալանավորեցին, ապա ազատ արձակեցին բուհի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին։ Մեր աղբյուրները նշում են, որ Աշոտյանը կրկին խոշորացույցի տակ է հայտնվել՝ քաղաքական պատճառներով: Այս քրգործի հիմքով Աշոտյանի ՍԵԿՏ-ը փակ է՝ նրան արգելված է դուրս գալ երկրից, կարող է դուրս գալ միայն քննիչի թույլտվությամբ, վերջինս էլ չի բավարարում այդ միջնորդությունները: Տեղեկացանք, որ Էդմոն Մարուքյանն ու Արմեն Աշոտյանն օրերս հրավիրված էին Ավստրիա՝ Արցախի հարցով փակ քննարկման, սակայն Աշոտյանին մերժել են` նրա փոխարեն Հայկ Մամիջանյանին է ՀՀԿ-ն գործուղել։ Իշխանությունը թերեւս մտավախություն ունի, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» մոտեցումների ֆոնին հայաստանյան ընդդիմության կոշտ դիրքորոշումները կարող են այդ հարթակներում հիստերիայի մեջ գցել ադրբեջանական պատվիրակություններին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առեւանգելու համար: Եվ չնայած մեղադրյալն ու նրա մերձավոր շրջապատն իշխանությունների պահանջով դադարեցրին նստացույցը, փոխեցին պաշտպաններին` հրաժարվելով արմատական դիրքորոշում ունեցող Ռուբեն Մելիքյանից եւ Վահան Հարությունյանից, եւ դրա դիմաց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, սակայն երեկ դատարանը կրկին որոշեց որդեկորույս մորը կալանավորել` 1 ամիս 15 օր ժամկետով։ Իսկ ո՞վ է տխրահռչակ դատավոր Մանվել Շահվերդյանը, ով պապից ավելի կաթոլիկ լինելու սկզբունքով պաշտպանում է Աշոտ Փաշինյանի շահերը: Ի դեպ, դատավորը, հավանաբար, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ դա լսելով՝ կալանքի որոշում կայացրեց: Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը․ նա նշանակվել է այս իշխանությունների օրոք` 2019 թվականին: Մինչ այդ տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Շահվերդյանը նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է: Հենց նրա որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ եւ երկու ամիսը մեկ անգամ: Ակնհայտ է, որ նրան հրահանգված է դատը ձգել, որովհետեւ նման ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի: Մի անգամ էլ Շահվերդյանի անունը շրջանառվել է «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ գործով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկությունները հաստատվում են. ինչպես գրել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ: Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել: Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում: Իշխանական թեւի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է իրեն թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որեւէ մեկի հետ: ՔՊ-ականներն այսպիսով համարում եմ, իր Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ակնհայտորեն չեն ներում Արարատ Միրզոյանին՝ թիմից երես թեքելու, ՔՊ վարչության անդամ դառնալ չցանկանալու համար։ Երեկ հաշված ՔՊ-ականներ էին ներկա Միրզոյանի՝ ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ անցյալում Միրզոյանի յուրայիններն իշխող ուժի մի ամբողջ թեւ էին կազմում։ Երեկ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին ներկա քննարկմանը, նույնիսկ պատկան՝ արտաքին, եվրաինտեգրման, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովների ոչ բոլոր ՔՊ-ական անդամներն էին եկել։ Արարատ Միրզոյանն էլ ընդմիջումների ժամանակ չէր շփվում կուսակիցների հետ` արագ գնում էր ԱԺ նախագահի աշխատասենյակ, նույնկերպ վերադառնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թերեւս որոշել է քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական հարցեր քննարկել՝ հոգեւորական խնդիրներով զբաղվելուն զուգահեռ: Դրա վառ ապացույցը նաեւ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումն էր: Բանն այն է, որ այդ քննարկմանը մասնակցել են նաեւ եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ զեկույցներ, ելույթներ են եղել, եւ որոշում է կայացվել շարունակել այդպիսի քննարկումները: Իհարկե, կարեւոր է, որ Հայաստանի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին մասնակից լինեն մեծ թվով անձինք, ուժեր, սակայն այստեղ թերեւս ամենաուշագրավն այդ ամենին հենց կաթողիկոսի մասնակցությունն է, որը միշտ է խոսել եկեղեցին քաղաքականությունից անջատ պահելու պատրաստակամության եւ կարեւորության մասին: Հունիսի 11-ին կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ է ժամանել մոտ 7 տասնյակ հոգեւորական: Նրանք ունեն խտացված դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի քարտեզները փոքրանում են:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մայիսի 14–ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել էր, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետների և այլ իրավաբանների, Հայաստանից «մոլորված զինծառայողներ» Ադրբեջանում չկան: Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին, ապա նրանց մոլորված համարելը, ըստ փորձագետների, պարզապես փաստերի խեղաթյուրում է: Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, կատարել ծանր հանցագործություն: Տարբեր գնահատականներով, Շառլ Միշելի հայտարարությունը բխում է բացարձակապես Ադրբեջանի շահերից, այն է՝ մի քանի հայ ռազմագերիների դիմաց հասնել Ադրբեջանի՝ ահաբեկչական նպատակներով ՀՀ տարածք ներթափանցած և հանցագործություն կատարած զինծառայողների վերադարձին: Այսուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում որևէ հայ ռազմագերի տուն չի վերադարձել, թեպետ Միշելի հայտարարությունից անցել է ավելի քան 3 շաբաթ: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման գործընթացի մասին տեղեկություն ստանալու համար։ Թանդիլյանը նաև մտահոգություն է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ունեցել է ընդհանրական բնույթ, և այն, ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։ Երեկ, երբ թերթը պատրաստ էր տպագրության, մեր տեղեկություններով, ԱԳՆ-ից պատասխան դեռ չէր ստացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրա մաս կազմող արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձեւական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է: Արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով այլեւս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում են՝ այդ հանդիպումները զուտ ձեւական բնույթ ունեն. միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը 2022 թվականի ընթացքում խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննությամբ արձանագրվել է, որ, օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կնքված թվով 9 վարձակալության պայմանագրերում պետական սեփականություն հանդիսացող անտառների վարձավճարների՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը չպահպանելու արդյունքում, հաշվեքննողների հաշվարկներով, անտառտնտեսության թվով 5 մասնաճյուղերում ընդհանուր վարձակալված 36,7 հա անտառային հողատարածքներից 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել: Մյուս կողմից՝ բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» գնման ընթացակարգի համաձայն կատարված գործողությունների եւ դրանց հիմքերի վերաբերյալ գնումների ոլորտի՝ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային փաստաթղթերը։ 2019-2020թթ. ընթացքում փաստացի մատուցվել են ծառայություններ, որոնց գործընթացները պետք է կատարվեին՝ գնումների վերաբերյալ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով: Իսկ թե ինչ պատիժ է սպասվում նախարարին, դեռ դժվար է ասել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թմրանյութերի թեման հետապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երեւանի ճանապարհին: Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է՝ օրերս ուշագրավ բացահայտում է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երեւան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, եւ ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաեւ պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» անունով միջոցառում, որին մասնակցելու է արտերկրից ժամանող 22-35 տարեկան 20 երիտասարդ։ Վերապատրաստման շրջանակներում վարչապետի աշխատակազմը երիտասարդներին պատրաստվում է տանել Օձունի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ԱԽ գրասենյակ, Եռաբլուր պանթեոն եւ այլն։ Միջոցառման կազմակերպման համար վարչապետի աշխատակազմն արդեն 11 մլն 530 հազար դրամ է փոխանցել «Օլ Հոթելս» ՍՊԸ-ին։ Հետաքրքիր է, որ, մի կողմից, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ սփյուռքն է Արցախը հանձնել, որ չպետք է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող հայերը խառնվեն ՀՀ ներքաղաքական կյանքին, սակայն, մյուս կողմից, ծրագիր է իրականացնում, որ «սփյուռքի երիտասարդ առաջնորդներին» վերապատրաստի, եւ դա անում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»: