24.11.2024
Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Գարեգին Բ-ն քաղաքական գործիչների հետ է հանդիպել

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։


Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ եւ տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։


Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունել է հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձեւավորման նախընթաց պատմությունը, նպատակը եւ ձեւաչափը, մասնավորաբար տեղեկացրել է, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տեւական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձեւավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ եւ տրվել քննարկումների մեկնարկը։


Այնուհետեւ համակարգող Սրբազանը հրավիրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։


Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերելով հարթակի կազմակերպիչ հանձնախմբին եւ քննարկման մասնակիցներին՝ Նորին Սրբությունը նշել է, որ որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է «Հայաստանը եւ Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ եւ հաղթահարման ուղիներ» թեման՝ նկատի առնելով հայրենական կյանքը փոթորկող գործընթացները, առկա անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դեմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները։ «Լիահույս ենք, որ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական խորհրդածությամբ կկարողանանք ձեւակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարեւորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես եւ քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից եւ առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջեւ ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», - ասել է Վեհափառ Հայրապետը։


Իր խոսքում Հայոց Հովվապետը նաեւ ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին, որ դարեր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի՝ անկախ պետականության վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման, Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության, ազգի անվտանգ կյանքի եւ լուսավոր գալիքի կերտման:


Թեմայի շրջանակներում «Թուրքական մարտահրավերներ եւ հաղթահարման ուղիներ» զեկույցով է հանդես եկել արեւելագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռեւս 1990-ական թվականներին՝ նշելով, որ տարիների ընթացքում դրանք էլ ավելի սպառնալից են դարձել. «Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։ Հետեւաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը եւ պետականությանը», - նշել է Մելքոնյանը՝ կարեւորելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների:


«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ եւ հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց ներկայացրեց կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում պրն. Քոչարյանը, անդրադառնալով հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հաղթահարմանը, ընդգծեց, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորման արդյունքում»,- նշել է Քոչարյանը:


Զեկույցների ավարտից հետո ծավալվեցին քննարկումներ, եղան ելույթներ Հայաստանում, Արցախում եւ տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։


Առկա մարտահրավերների հաղթահարման եւ հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ հույս հայտնվեց, որ հարթակի քննարկումները կլինեն շարունակական։