Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի նախարարների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և փոխշահավետ փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:
Անդրադարձ է կատարվել ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերին և դրանց հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղություններին, ինչպես նաև պետական կառավարման և մասնավոր ոլորտներում տեխնոլոգիական բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ավարտին Կատարի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաին հրավիրել է իր պաշտոնակից Ռոբերտ Խաչատրյանին մասնակցել Կատարում կայանալիք «Վեբհամաժողովին», ինչը հնարավորություն կտա վերհանել երկու երկրների համապատասխան ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել սերտ շփումներն ու ընդլայնել փոխգործակցության ոլորտները: