ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ․
"Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։
Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։
Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրնը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։
ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։
Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ՝ ովքեր ահազանգել են դեպքի մասին։
Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։
Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրմասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։
ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին",- ասված է հայտարարության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 17-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց մեկ տոննա կոկաինի ներմուծումը բացահայտելու մասին։ Հայկական կողմի հաղորդագրությունը հաջորդեց իտալական ոստիկանության բացահայտմանը, երբ պարզվեց, որ իտակալան նավահանգստում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։
Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար։ Վերջինս, ըստ ԱԱԾ-ի, դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում ելույթ ունենալիս, հայտարարեց, որ ընկերությունը կապ ունի ԱԺ նախկին պատգամավորի հետ: «Այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը: Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում, «Հանրապետական» խմբակցության անդամ»,-ասել էր Փաշինյանը: